ԱՄՆ հետախուզության վերլուծաբանները հետաքննում են Ռուսաստանի հնարավոր առնչությունը Պարսից ծոցի երկրներում Կենտրոնական հետախուզական վարչության օբյեկտների դեմ Իրանի իրականացրած հարձակումներին, գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների փոխանցմամբ՝ վերլուծաբանները փորձում են պարզել, թե արդյոք Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերել Իրանին՝ տրամադրելով թիրախների վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն կամ անօդաչու թռչող սարքերի առաջադեմ տեխնոլոգիաներ։
Նշվում է, որ ամերիկյան հետախուզության ներկայացուցիչները դեռ վերջնական եզրակացության չեն հանգել այդ հարձակումներում Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։
Մարտին Իրանը հարվածել է ԿՀՎ-ի առնվազն երկու օբյեկտի․ դրանցից մեկը Իրաքի արևելքում է, մյուսը՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող ԱՄՆ դեսպանատանը։
Reuters-ի որոշ աղբյուրներ հայտնել են, որ հարձակման են ենթարկվել նաև այլ օբյեկտներ, սակայն հրաժարվել են մանրամասներ հայտնել։
Ամերիկյան հետախուզության ներքին փաստաթղթերից մեկում, աղբյուրի հավաստմամբ, վերլուծաբանները նշել են, որ Էր Ռիադում գտնվող դեսպանատան վրա հարձակվել են իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի՝ Ռուսաստանի կողմից փոփոխված երկու տարբերակներով։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանն օգնել է Իրանին բարձրացնել «Շահեդ-136» անօդաչու թռչող սարքերի ճշգրտությունը՝ տրամադրելով «Կոմետա-Մ» արբանյակային նավիգացիոն համակարգը, որը խլացմանն ավելի դժվար է ենթարկվում, քան Իրանի մշակած համակարգը։
Մարտին The Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Ռուսաստանը հետախուզական տեղեկատվություն է փոխանցում Իրանին՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերին հարվածներ հասցնելու համար։ Նշվում է, որ այդ աջակցությունը սկսվել է պատերազմի մեկնարկից հետո և դարձել առաջին նշանը, որ Ռուսաստանը՝ որպես ԱՄՆ-ի գլխավոր աշխարհաքաղաքական մրցակիցներից մեկը, թեկուզ անուղղակիորեն ներգրավված է հակամարտության մեջ։
Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել էր տեղեկությունները, թե Ռուսաստանը սպառազինություն է մատակարարում Իրանին՝ ԱՄՆ-ի հետ հակամարտությունում։
«Հիմա ինչ-որ պատճառով Արևմուտքում, մասնավորապես՝ Վաշինգտոնում, ուռճացնում են թեման, թե Ռուսաստանն ու Չինաստանը ուղղակիորեն Իրանին մատակարարում են սպառազինություն, որոնք Իրանը օգտագործում է ամերիկյան օբյեկտների վրա հարձակումների համար։ Դե, գիտեք ինչ, արդեն նույնիսկ անհարմար է դա լսել», - ասել էր Լավրովը։