Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն նոր հրամանատարություն է ստեղծում՝ անօդաչուների կիրառումն ընդլայնելու համար

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը

Միացյալ Նահանգները Ռազմական ինքնավար համակարգերի հրամանատարություն է ստեղծում (Autonomous Warfare Command), պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն այս մասին հայտնել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի Քվանտիկո բազայում ելույթի ժամանակ:

Հեգսեթի ստորագրած փաստաթղթում նշվում է, որ պատերազմի բնույթը հիմնարար փոփոխություններ է կրել, և ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս զանգվածաբար բարձր ճշգրտության և էժան զենքի համակարգեր արտադրել։

«Այս համակարգերը գնալով ավելի են սպառնում մեր թանկարժեք, նախորդ սերնդի հարթակներին և խաթարում են մեր ռազմական ուժը ցուցադրելու կարողությունը։ Անհրաժեշտ են անհապաղ փոփոխություններ»,- ասվում է փաստաթղթում։

Ռազմական ինքնավար համակարգերի հրամանատարությունը կբացահայտի բանակի կարիքները, կփորձարկի նոր համակարգեր, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռոբոտներ, և բանակում կինտեգրի այն տեխնոլոգիաները, որոնք արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը։

Հրամանատարության ձևավորման «Ազենկուր» նախագիծը կղեկավարեն ԱՄՆ Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրեն Օուեն Ուեսթը և ԱՄՆ ռազմաօդային ուժերի SEAL ստորաբաժանման օդաչու Մաքս Ստրասիզերը, որը, ըստ The Wall Street Journal-ի, աշխատել է մարտական իրավիճակների համար նախատեսված ռոբոտացված համակարգերի մշակման վրա։

Ուեսթը նշել է, որ առաջնահերթությունը կլինի ստեղծել ցածրարժեք անօդաչուների արտադրության համակարգ, որպեսզի ԱՄՆ-ն պատերազմի դեպքում կարողանա հարմարվել նույնքան արագ, որքան Ուկրաինան։

«Երբ մենք սկսենք կայուն ֆինանսավորում հատկացնել թարմացված դոկտրինն իրականացնելու համար, մենք կգերազանցենք աշխարհի մնացած մասին, - ասել է Ուեսթը The Wall Street Journal-ին,- Իսկ արհեստական բանականության ներդրման շնորհիվ մենք կգերազանցենք աշխարհի մնացած մասին, քանի որ մենք առաջատարն ենք այս ոլորտում»։

Թերթը նշում է, որ Պենտագոնը ցանկանում է եռապատկել ծախսերը՝ առաջարկելով 74 միլիարդ դոլար հատկացնել անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի տեխնոլոգիաներին։

Քվանտիկոյում իր ելույթում Հեգսեթն ուրվագծել է վեց հիմնական ռազմավարական նախաձեռնություններ, որոնք, նրա խոսքով, կձևավորեն գերատեսչության զարգացումը:

Բացի Ռազմական ինքնավար համակարգերի հրամանատարությունից, նախատեսվում է ստեղծել նաև Կրոնական գործերի գերատեսչություն, որը, նրա խոսքով, ուղղված կլինի զինվորական անձնակազմի կրոնական աջակցության ամրապնդմանը:

​
XS
SM
MD
LG