Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն գիշերը շատ ուժեղ կհարվածի Իրանին, իսկ առաջիկայում կգրավի Խարգ կղզին. Թրամփ

Միացյալ Նահանգներն այս գիշեր շատ ուժեղ կհարվածի Իրանին, սոցցանցում սպառնացել է Դոնալդ Թրամփը՝ խոստանալով առաջիկայում գրավել իրանական Խարգ կղզին, որն Իրանի նավթի արտահանման հիմնական կենտրոնն է և մշակում է արտահանվող նավթի մոտ 85-90%-ը։

«Ինչ-որ պահի ոչ այնքան հեռավոր ապագայում մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ օբյեկտներ և կստանձնենք նրանց նավթի և գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի դեպքում, ինչը լավ էլ ձեռնտու է և՛ Վենեսուելային, և՛ ԱՄՆ-ին»,- սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ն ու Իրանը երկրորդ օրն անընդմեջ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ էլ ավելի ապակայունացնելով իրավիճակը ապրիլից հայտարարված փխրուն հրադադարի ընթացքում։

Նախ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ գիշերը «ինքնապաշտպանական հարվածներ» է հասցրել Իրանին։ ԱՄՆ-ն Օմանի ափերի մոտ հարվածել է մի նավթատարի՝ պնդելով, թե այն իրանական նավթ էր տեղափոխում։ Անձնակազմի երեք անդամ է սպանվել։ Ըստ իրանական Mehr գործակալության՝ Օմանի ծոցում հարվածել են նաև իրանական նավին, որն առաջին անհրաժեշտության պարագաներ էր տեղափոխում Իրան։

Իրանն իր հերթին հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին և մեծ վնաս պատճառել, ոչնչացրել ամերիկյան կործանիչներ։ ԱՄՆ-ն չի մեկնաբանել այս պնդումները։ Բահրեյնում իրանական հարվածից երեխա է վիրավորվել։ Քուվեյթը մի քանի ժամով փակել է իր օդային տարածքը։

XS
SM
MD
LG