Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած վերջին պատժամիջոցներին համապատասխան՝ իրանցիների համար կասեցվել է ոչ լեզվակիրների անգլերենի իմացությունը ստուգող միջազգային քննության՝ TOEFL-ի, անցկացումը, «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հարցմանն ի պատասխան հաստատել են ԱՄՆ կրթական-քննական ծառայությունից (ETS):
ETS-ից հայտնել են, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կասեցրել է ամերիկյան համալսարանների և այլ կրթական հաստատությունների կողմից իրանցիներին ակադեմիական ծառայություններ մատուցելու՝ 2014-ին սահմանված լիցենզիան, որին հետևելով ETS-ն իր հերթին կասեցրել է TOEFL-ի և բակալավրիատից հետո կրթություն ստանալու համար անհրաժեշտ GRE քննության անցկացումը Իրանում։
«Այս քայլով մենք լիովին պահպանում ենք ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ օրենքի պահանջները», - նշել են կառույցից։
Ամերիկյան և այլ արևմտյան բուհերում ուսանելու համար անհրաժեշտ այս քննությունների դադարեցման ժամկետները հայտնի չեն, հավելել են ETS-ից։
Օրեր առաջ էլ ինտերնետային Duolingo լեզվի ուսուցման ծրագրից հայտնել էին, որ Իրանում և Իրանի քաղաքացիների համար անգլերենի իմացության քննությունն անհասանելի է։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը երկուշաբթի հայտարարել էր Թեհրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նոր նախաձեռնության մասին։