Մատչելիության հղումներ

ԱՄՆ ՀԴԲ տնօրենը նշանադրվել է իր հայազգի ընկերուհու հետ

Ալեքսիս Ուիլքինսը և Քեշ Փաթելը ժամանում են Սպիտակ տուն՝ մասնակցում են UFC Freedom 250-ին 14-ը հունիսի, 2026թ.
Ալեքսիս Ուիլքինսը և Քեշ Փաթելը ժամանում են Սպիտակ տուն՝ մասնակցում են UFC Freedom 250-ին 14-ը հունիսի, 2026թ.

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Փաթելը նշանադրվել է իր վաղեմի ընկերուհու՝ քանթրի երգչուհի, արմատներով հայ Ալեքսիս Ուիլքինսի հետ, այս մասին զույգը հայտարարել է կիրակի երեկոյան X-ում հրապարակված գրառման մեջ, տեղեկացնում է Associated Press-ը:

27-ամյա Ուիլքինսը հրապարակել է սև-սպիտակ լուսանկար, որտեղ նա կանգնած է 46-ամյա Փաթելի հետ՝ ցույց տալով իր մատանին: Հրապարակմանը կից նա գրել է. «Գնացինք ու ներգրավեցինք օրենքը»։ Փաթելը տարածել է Ուիլքինսի գրառումը:

Նրանք հանդիպում են դեռևս 2023 թվականից, երբ Փաթելը դեռ չէր ստանձնել ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնը: 2025-ին Ուիլքինսը ներկա է եղել այս պաշտոնում Փաթելի երդմնակալությանը։

Ուիլքինսը ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 3-ին Բոստոնում, Մասաչուսեթս։ Նա ընտանիքի միակ զավակն է: Նրանց ընտանիքը ապրել է Բոստոնի Ուեյմութ արվարձանում։ Ուիլքինսի խոսքով՝ ինքը մեծացել է Արկանզասում, ապրել է Բերկշիր նահանգի Վինձոր քաղաքում և Շվեյցարիայում։ Մանուկ հասակում նա նաև կարճ դերեր է խաղացել Լոս Անջելեսում նկարահանված «Ժամանակակից ընտանիք» հեռուստասերիալի երկու դրվագներում։

Քանթրի երգչուհին և քաղաքական մեկնաբանը իր դեբյուտային ալբոմը թողարկել է 2023 թվականին: Ուիլքինսը կապված է պահպանողական խմբերի հետ և իր կայքում գրում է, որ «պատվում է քանթրիի ավանդույթները՝ միաժամանակ ավելացնելով արդիականություն և արդիական մեկնաբանություններ»:

Ուիլքինսը նաև հայտնվել է լուրերում այն բանից հետո, երբ այս տարի ելույթ ունեցավ «Ամերիկյան պետական մեծ տոնավաճառում», որն անցկացվում էր ԱՄՆ 250-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Ուիլքինսն այդ ժամանակ կատարել էր ԱՄՆ հիմնը:

Մյուս հրավիրված արտիստներից շատերը հրաժարվել էին այդ միջոցառմանը մասնակցելուց այն բանից հետո, երբ պարզել էին, որ դա ոչ կուսակցական տոնակատարություն չէ։

Փաթելն իր հերթին քննադատության է ենթարկվել կառավարական ինքնաթիռներով այնպիսի ուղևորություններ կատարելու համար, որոնք կապ չունեն նրա իրավապահ գործունեության հետ, այդ թվում՝ ՀԴԲ ինքնաթիռով ուղևորությունը Փենսիլվանիա՝ Սթեյթ քոլեջի պրոֆեսիոնալ ըմբշամարտի միջոցառմանը մասնակցելու համար, որտեղ ազգային օրհներգը կրկին Ուիլքինսն է կատարել:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG