Երևանի ավագանին այսօր որոշեց Բաքվի 26 կոմիսարներից մեկի անունը կրող Ամիրյանը վերանվանել Պապ թագավորի փողոց։
Հարցն, ի դեպ, չզեկուցվեց, ինչն ընդդիմության՝ «Մայր Հայաստանի» ու «Հանրային ձայն»-ի համար ընդունելի չէր։
«Առաջարկում եմ այդ հարցը դարձնել զեկուցվող, որ մենք, գոնե, փորձենք այդ հարցը չանցկացնենք»,- նշում էին ընդդիմության ներկայացուցիչները։
Ամիրյանը և մի շարք այլ փողոցներ վերանվանելու հարցը փակ փաթեթում մնաց, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ եզրահանգեց. «Ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների և ժառանգների նկատմամբ, բայց ես վստահ չեմ, որ էդ մարդն էն արժանքիներն ունի, որ Երևանի հրապարակին կից փողոցն իր անունով անվանակոչված լինի»։
Պապ թագավորին վարչապետը բազմիցս է իր ելույթներում հիշատակել
Խորհրդային հեղափոխականից անցումն Արշակունյաց Հայաստանի ամենաքննարկված թագավորներից մեկին վերջին տարիներին ոչ միայն պատմական, այլև քաղաքական քննարկումների առարկա է։
Պապ թագավորի մասին ամենաթարմ հիշատակումը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ էր, երբ վարչապետը պնդեց՝ «Պապ թագավորը հայկական ինքնիշխան պետականության խորհրդանիշն է», Փաշինյանի հետ հանդիպման եկած մարդիկ էլ ուղիղ ասացին. «Պետությունը չի սպանվի, Պապ թագավորը չի սպանվի։ Մեր վերածնված Պապ թագավորն ես, ցավդ տանեմ»։
Պապ թագավորին Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հիշակատել իր ելույթներում։ Առաջին ծավալուն ելույթը դեռ 7 տարի առաջ էր. խորհրդարանում հարկային քաղաքականության մասին էր խոսում ու հասավ 4-րդ դար։
«Նույն ժամանակներն են, պատմական նույն կոնտեքստով, ինչ Պապ թագավորի ժամանակ։ Ինչ էր ասում, ասում էր՝ ժողովուրդ ջան, պետք է հարկ վճարել։ Ասում էր, որ մեր երկրի տղամարդկանց ու կանանց բոլորին տարել եք, լցրել վանքերն ու կուսանոցները, բա մեր երկրի տնտեսության համար ո՞վ պիտի աշխատի, բա մեր երկրի բանակի զինվորը ո՞վ պիտի լինի։ Ասում են՝ դու դավաճան ես, ապազգային ես»,- ասել էր վարչապետը՝ 2019-ին խորհրդարանում ելույթ ունենալիս։
Հետագայում վարչապետ Փաշինյանի խոսքը Պապ թագավորի մասին տեղափոխվեց եկեղեցի–պետություն առճակատման դաշտ, երբ արդեն ինքն էր փորձում գահընկեց անել գործող կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
4-րդ դարի Հայաստանի պատմությունը, որը հիմնականում մեզ հասել է միջնադարյան պատմիչների միջոցով, Պապին ներկայացրել է որպես ուժեղ պետական գործիչ, բայց հակասական մեկնաբանություններ կան նրա ու Ներսես Մեծ կաթողիկոսի հարաբերությունների մասին։ Պապը փորձում էր սահմանափակել եկեղեցու քաղաքական և տնտեսական ազդեցությունը։ Դա ընկալվել էր որպես եկեղեցու անկախության դեմ քայլ։
2 տարի առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ավելի հեռուն գնաց՝ պնդելով, թե հայոց պետականության կայացման մասին քննարկումն ընդհատվել է Պապի սպանությամբ և այժմ շարունակվում է։ Պատմիչների փոխանցմամբ՝ Պապ թագավորn սպանվել է հռոմեացիների կողմից կազմակերպված դավադրության հետևանքով՝ խնջույքի ժամանակ։
Նիկոլ Փաշինյան-Պապ թագավոր զուգահեռները, թերևս, պատճառ դարձան, որ փողոցի անվանափոխությունը քաղաքականապես ընկալվի։ Սա, ի դեպ, նոր նախաձեռնություն չէ։ Այս տարվա ապրիլին էր դեռ նախագիծը բերվել ավագանի, սակայն քննարկումն ու քվեարկությունը հետաձգվեցին քվորումի բացակայության պատճառով։
Ամիրյան փողոցի անվան շուրջ վեճերը տասնամյակների պատմություն ունեն։ 90-ականներին՝ անկախությունից հետո, այստեղ փորձեցին տեսնել Վռամշապուհ թագավորին։ Այն լայնորեն չկիրառվեց և հետագայում փողոցը նորից Ամիրյան կոչվեց։ Հաջորդ փորձն արդեն 2017-ին էր։ Ամիրյանը Վռամշապուհ թագավորի անունով փոխելու նախաձեռնության հեղինակն այդ ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի «Ելք» խմբակցությունն էր, ավագանու անդամներից մեկն էլ Տիգրան Ավինյանն էր։ Այդ նախագիծը, սակայն, մերժվեց։
Նկատենք, որ պատմությունը այս երկու թագավորներին հիշում է տարբեր դերերով. Պապին՝ որպես ինքնիշխանության, Վռամշապուհին՝ որպես մշակութային ինքնության խորհրդանիշ։