Ամերիկյան երեք լրատվամիջոցներ՝ CNN և MS Now (նախկին MSNBC) հեռուստաընկերությունները և Politico կայքը դատի են տալիս Դոնալդ Թրամփին՝ նրան մեղադրելով երկրի Սահմանադրության հիմնարար դրույթներից մեկը՝ խոսքի ազատության երաշխավորված իրավունքը ոտնահարելու համար։
Պատճառը այս երեք լրատվամիջոցների հավատարմագրերի չեղարկումն է Սպիտակ տան կողմից։ Դա նշանակում է, որ CNN-ի, MS Now-ի և Politico-ի թղթակիցներն այլևս իրավունք չունեն ներկա գտնվել Սպիտակ տան կողմից կազմակերպվող միջոցառումներին, զրկվել են նաև Թրամփի այցերի ընթացքում նախագահական օդանավով ճամփորդելու իրավունքից։
CNN-ի լրագրող Քեյթլին Քոլինսը, Սպիտակ տան իր աղբյուրները վկայակոչելով, երեկ պատմում էր, թե ինչպես և հատկապես ում ազդեցության տակ է կայացվել այս որոշումը։
«Նախորդ շաբաթ նախագահի մերձավոր օգնական Նատալի Հարփը, որին հաճախ են տեսնում նախագահական աշխատասենյակում և օդանավում, Թրամփի ուշադրությունն է հրավիրել մի շարք գրաֆիկների վրա, որոնք վկայում էին, որ Politico-ն Սպիտակ տան ղեկավարի աշխատանքը հիմնականում բացասական լույսի ներքո է լուսաբանում։ Դրան գումարած Միացյալ Նահանգների նախագահի ուշադրությունն են գրավել մի շարք տեսանյութեր, ինչի հետևանքով նա խիստ զայրացել է։ Մեր տեղեկություններով, հենց դա է, որ նախորդ ուրբաթ ստիպել է Թրամփին արգելել այս լրատվամիջոցներին լուսաբանել իր աշխատանքը», - պնդում է CNN-ի լրագրողը։
«Ինչո՞ւ պետք է Սպիտակ տունը ձեզ համար հատուկ պայմաններ ստեղծի»
Երեկ երեկոյան Քոլինսի տեղեկություններն անուղղակիորեն հաստատեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ ընդունելով, որ Սպիտակ տանը ուշադրություն են դարձնում, թե այս կամ այն ամերիկյան լրատվամիջոցն ինչ լույսի ներքո է լուսաբանում Թրամփի վարչակազմի գործունեությունը։
«Մենք չպետք է մոռանանք, որ այս երեք լրատվամիջոցների՝ Միացյալ Նահանգների նախագահի մասին հրապարակումների 92 տոկոսը բացասական բնույթ է կրում։ Դա չի արտացոլում ամերիկյան ժողովրդի կարծիքը։ Այնպես որ, եթե դուք պատրաստվում եք ծայրահեղ ձախ քարոզչությամբ զբաղվել, ինչո՞ւ պետք է հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սպիտակ տունը ձեզ համար հատուկ պայմաններ ստեղծի», - լրագրողների հետ զրույցում նշում էր Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Այն, որ CNN-ի, MS Now-ի և Politico-ի գործունեության սահմանափակումը կապված է այս լրատվամիջոցների որդեգրած դիրքորոշման հետ, երկուշաբթի օրը անուղղակիորեն հաստատեց նաև ինքը՝ Դոնալդ Թրամփը։ Դա տեղի ունեցավ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի հետ հանդիպման ավարտին։
Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով, ի դեպ, այս երկու շատ տարբեր քաղաքական գործիչների հանդիպման թեմաներից մեկը հենց լրատվամիջոցների դեմ Սպիտակ տան ձեռնարկած վերջին քայլերն էին։
«Ես նման քայլի եմ դիմում, քանի որ վստահ եմ, որ մամուլը ևս պարտավորություններ ունի։ Ես ընտրություններում ջախջախիչ հաղթանակ եմ տարել, ես ութ պատերազմ եմ ավարտել, մեր երկիրը երբեք այսքան լավ տնտեսական կացության մեջ չի եղել։ Որևէ մեկը նման հաջողությունների չի հասել։ Բայց նրանք իմ մասին որևէ դրական բան չեն ասում, միայն բացասականը», - հայտարարում էր Թրամփը։
Վաշինգտոնի դաշնային դատարանը երեք լրատվամիջոցների հայցը կքննի արդեն վաղը
CNN-ի, MS Now-ի և Politico-ի փաստաբանները հիմնական շեշտը դնում են ամերիկյան Սահմանադրության՝ խոսքի ազատությունը երաշխավորող գլխավոր դրույթի՝ առաջին լրացման խախտման վրա։
Միացյալ Նահանգների նախագահը, սակայն, շտապեց հերքել այս մեղադրանքը՝ Truth Social-ի իր օգտահաշվում գրելով. «Սպիտակ տունը ոչ թե ազատ մամուլի, այլ քաղցկեղի նման տարածվող կեղծ լուրերի դեմ է պայքարում»:
Թրամփի այս գործողությունները, սակայն, կարող են բավական ծանր հետևանքներ ունենալ հենց իր՝ ԱՄՆ նախագահի համար։ Խոսքը նախևառաջ նրա գործունեության լուսաբանման մասին է՝ հատկապես Թրամփի համար խիստ կարևոր երկու իրադարձությունների՝ ՄԱԿ-ում ելույթի և Չինաստանի նախագահի հետ բանակցությունների շեմին։
Սպիտակ տանը, CNN-ից բացի հավատարմագրված մյուս չորս համապետական հեռուստաընկերությունները, այդ թվում՝ վարչակազմի հետ շատ լավ հարաբերություններ ունեցող Fox News-ը երեկ հայտարարեցին, որ դադարեցնում եմ Թրամփի մասնակցությամբ բոլոր իրադարձությունների հեռուստատեսային լուսաաբանումը։
AP գործակալությունն, ինչպես նաև ամերիկյան ամենահեղինակավոր երկու օրաթերթերը՝ The Washington Post-ը և The New York Times-ը, երկուշաբթի օրը, ի նշան բողոքի, որոշեցին իրենց էջերում Թրամփի մասնակցությամբ միջոցառումներից որևէ լուսանկար չհրապարակել։ Սրան ի պատասխան Սպիտակ տան մամուլի ծառայությունը Youtube-ում Trump TV անվանումով 24-ժամյա ալիք բացեց, որի գլխավոր և միակ հերոսը Միացյալ Նահանգների գործող նախագահն է։