Մատչելիության հղումներ

Ամանորի նախօրեին հոսանքի անջատումներ Երևանում և Հայաստանի մի շարք բնակավայրերում


Մինչ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» տոներն էր շնորհավորում ու մաղթում, որ բոլորի տներում լույս ու ջերմություն լինի, Նազարյաններն ու Նոր Արեշի հարյուրավոր այլ ընտանիքներ երեկ ստիպված էին մթի ու ցրտի պայմաններում պատրաստություններ տեսնել, նախորդ մեծ վթարից դեռ ուշքի չեկած երեկ էլ թաղամասի ենթակայանն էր հրդեհվել:

Բնակիչների անդադար զանգերին Էլցանցերից չէին արձագանքում, պատմում են Նազարյանները, ի վերջո, սակայն, մեծ խումբ եկավ և միայն կեսգիշերից անմիջապես առաջ էլեկտրամատակարարումը վերականգնվեց:

Վթարված ենթակայանում այսօր էլ աշխատանքները շարունակվում էին, եռաֆազ հոսանք ունեցողները դեռ լույս չունեին, Էլցանցերի աշխատակիցները մեքենայից միացված երաժշտությամբ էին փորձում տաքանալ:

Նոր Արեշի բազմաթիվ բնակիչներ բնականոն էլեկտրամատակարարում չունեին մի քանի օր շարունակ, օրերս Էրեբունին հոսանքազրկած ենթակայանի վթարն այստեղ էլ է հետևանքներ թողել:

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարումը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանն ու իր ենթակաները, որոնք իրենց հաստիքներում նշանակվել են, որպեսզի համակարգում ճգնաժամ չստեղծվի, միայն Նոր Արեշի հոսանքազրկումներով չէ, որ պետք է զբաղվեն: Հայաստանի շատ այլ քաղաքներում ու գյուղերում նույնպես քաղաքացիներն առանց էլեկտրականության էին Ամանորին պատրաստվում. Էջմիածնում մարդիկ սնունդը հավաքել ու այլ տեղ էին գնում Նոր տարին նշելու:

Ըստ ՀԷՑ-ի պաշտոնական կայքի, գիշերը զանգվածային հոսանքազրկումներ են եղել նաև Մարտունի, Աբովյան քաղաքներում, Ներքին Գետաշեն, Ծովասար, Ծակքար գյուղերում ու մի շարք այլ բնակավայրերում:

Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի էջում այս անջատումների վերաբերյալ որևէ հրապարակում չգտանք, երկու օր առաջ նա էլեկտրական ցանցերի ծանրաբեռնվածության մասին տեղեկացնելով քաղաքացիներին հորդորել էր «հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան ու սարքերը հավելյալ չօգտագործել»: Մարդիկ տունը պետք է չջեռուցե՞ն, թե՞ խոհանոցում գործ չանեն, Պետրոսյանը չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչպես հոսանք խնայել:

Ամանորին ընդառաջ նաև ջրանջատումներ են եղել, նույն Աբովյան քաղաքի բազմաթիվ փողոցներում երեկ ջուր չի եղել, վթարի պատճառով ջուր չեն ունեցել նաև Չարենցավանում, Սիսիանում, Նոր Գյուղում ու մի շարք այլ բնակավայրերում: Այսօր էլ ջուր չի եղել Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Խաղաղ Դոնի փողոցի մի շարք հասցեներում:

Շաբաթասկզբին դարձյալ ենթակայանի հրդեհի պատճառով Էրեբունու մոտ 50 հազար բնակիչները զրկված էին նաև հոսանքից:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG