Մատչելիության հղումներ

Ալժիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ

Ալժիրի դրոշը Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի ժամանակ, արխիվ
Ալժիրի դրոշը Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովի ժամանակ, արխիվ

Ալժիրն այսօր հանկարծակի խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ հիմնավորելով այդ քայլը Աբու Դաբիի մի շարք «սադրիչ կամ թշնամական» գործողություններով, սակայն որևէ կոնկրետ պատճառ չնշելով:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը Ալժիրի հայտարարությունից հետո X-ում գրել է, որ դիվանագիտական հարաբերությունները պետք է հիմնված լինեն «բանականության, հաղորդակցության և շահերի հստակության» վրա, այլ ոչ թե «հանելուկների և ազդանշանների, որոնք վերծանման կարիք ունեն»:

Վերջին տարիներին երկու երկրների միջև աճող լարվածություն կա, Ալժիրի մամուլը խստորեն քննադատում է ԱՄԷ-ին և մեղադրում տարածաշրջանում պառակտում սերմանելու ձգտման մեջ:

Ալժիրի արտգործնախարարությունը հայտարարել է, թե ԱՄԷ-ի գործողությունները հասել են մի կետի, որտեղ արդեն չեն կարող համարվել ընդունելի կամ հանդուրժելի, և «երկկողմ հարաբերությունները պահպանելու բոլոր միջոցները սպառվել են»:

ԱՄԷ դեսպանին հրավիրել են Ալժիրի ԱԳՆ, իրազեկել որոշման մասին և 48 ժամ տվել այն կատարելու համար:

Ալժիրը և ԱՄԷ-ն տարբեր դիրքորոշումներ ունեն տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ: Մասնավորապես, Ալժիրը դեմ է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ ԱՄԷ-ն և Մարոկկոն 2020 թվականին դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Իսրայելի հետ Միացյալ Նահանգների միջնորդությամբ կնքված Աբրահամի համաձայնությունների շրջանակում: Երկու երկրների դիրքորոշումները տարբերվում են նաև Արևմտյան Սահարայի շուրջ վեճում, այլ հարցերում:


XS
SM
MD
LG