Մատչելիության հղումներ

Ալբանիայում ցույցերը տարածվել են ողջ երկրում, կան վիրավորներ և ձերբակալվածներ

Ուսանողների հակակառավարական բողոքի ցույցը Տիրանայում, 15-ը հոկտեմբերի, 2026թ.
Ուսանողների հակակառավարական բողոքի ցույցը Տիրանայում, 15-ը հոկտեմբերի, 2026թ.

Ալբանիայում ուսանողական ցույցերը մայրաքաղաք Տիրանայից տարածվել են մի քանի այլ քաղաքներում։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը: Բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ, տասնյակ մարդիկ վիրավորվել և ձերբակալվել են։

Երեկ Տիրանայում երրորդ օրն անընդմեջ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Շկոդերում և հարավի ափամերձ քաղաքներում։

Շկոդերում ցուցարարները կոտրել են քաղաքապետարանի պատուհանները և քարեր նետել իշխող Սոցիալիստական կուսակցության և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության գրասենյակների վրա:

Հակակառավարական ցույցերտ Տիրայանում
Հակակառավարական ցույցերտ Տիրայանում

Հարավարևելյան Կորչա քաղաքում ցուցարարները կոտրել են դպրոցի պատուհանները, փակել փողոցներ: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել մի քանի վայրերում:

Բախումներ են եղել նաև Տիրանայի մի քանի թաղամասերում: Ցուցարարները քարեր են նետել, կոտրել խանութների ցուցափեղկեր, բարիկադներ կառուցել և աղբամաններ այրել: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է օգտագործել:

Պահանջում են վարչապետի հրաժարականը

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը: «Մեզ անհրաժեշտ են իրական փոփոխություններ, այլ ոչ թե դատարկ խոստումներ: Մենք ուզում ենք մի կառավարություն, որը կաշխատի իր ժողովրդի համար, այլ ոչ թե նրա դեմ», - AFP-ին ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Նա նշել է, որ շատ ալբանացիներ դժվարությունների են բախվում, բայց աճող գներից ավելի շատ տուժում են ուսանողները:

Ուսանողների ցույցը Տիրանայում
Ուսանողների ցույցը Տիրանայում

Երեքշաբթի և չորեքշաբթի ցուցարարները ներխուժել են մի քանի կառավարական շենքեր և առնվազն մեկը հրկիզել։ Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի 14-ի բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 65 մարդ՝ «ոստիկանների, կառավարական գործակալությունների, պետական հաստատությունների և մասնավոր սեփականության վրա հարձակումների» համար։ Նախորդ օրը հաղորդվել էր 10 ձերբակալության մասին։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 14-ին հիվանդանոցներում բուժում է ստացել 89 մարդ, այդ թվում՝ 61 ոստիկան։

Ոստիկանները ջրցան են կիրառում ցուցարարների դեմ
Ոստիկանները ջրցան են կիրառում ցուցարարների դեմ

Ալբանիայում կառավարության դեմ բողոքի ցույցերը սկսվել են մայիսի վերջից։ Պատճառն ափամերձ արգելոցում շքեղ հյուրանոց կառուցելու ծրագրերն են։ Նախագիծը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ։ Ցուցարարները կոռուպցիոն ռիսկեր են տեսնում այս նախագծում, իսկ կառավարությանը մեղադրում են որոշումներ կայացնելու գործում թափանցիկ չլինելու մեջ:

Ուսանողները նաև բողոքում են ուսման բարձր վարձավճարներից և համալսարանական վատ պայմաններից։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG