Գյումրիի Մուշ թաղամասը լուրջ խնդրի առաջ է կանգնել, նույնիսկ հեռվից է երևում, որ ողջ տարածքը ծխի մեջ է: Թաղամասի հարևանությամբ գտնվող քաղաքային աղբավայրն է օրեր շարունակ այրվում: Թունավոր օդից շնչահեղձ ենք լինում, ահազանգում են տեղի բնակիչները:
«Ահավոր է, անհնար է, առավոտ շուտ՝ ծուխ, լուսամուտ հնարավոր չէ բացել», - ասաց բնակիչներից մեկը:
«Չգիտենք՝ վերջը երբ է երևալու, տարիներ շարունակ է այս խնդիրը: Պատուհանի արանքից գալիս է ծխի հոտը, տան օդը փոխվում է», - հավելեց մյուսը:
Ինչի՞ց է բռնկվում հրդեհը, արդյոք դիտավորությո՞ւն կա, թե՞ տարածքում կուտակված գազերն են այրվում՝ պարզ չէ: Բայց նորակառույց այս թաղամասում մարդիկ նկատել են, որ հատկապես վերջին տարիներին ծուխն ավելի է շատացել:
«Կառավարությունը չի մտածում այդ մասին, ի՞նչ կարող ենք անել: Ոնց որ մառախուղ լինի: Ես այսօր նկարել էի, բայց ո՞ւմ դիմես, շատ են դիմումները, բայց այս պահին սա է: Անզորությունից չգիտենք՝ ինչ անենք», - ասաց բնակիչներից մեկը:
Մարդիկ այստեղ կցկտուր տեղեկություններ են լսել, որ աղբավայրի հետ կապված ծրագրեր կան, բայց, ասում են, դա մեկ կամ երկու տարվա լուծվող խնդիր չէ, իրենք ինչքա՞ն սպասեն:
Գյումրիի քաղաքապետարանում դեռ մեկ տարի առաջ աղբավայրի հետ կապված 3 ծրագիր կար: Նեդրողների հետ հանդիպումներ եղան, բայց այստեղ իշխանությունը փոխվեց, ու համայնքապետարանը դեռ չի հաստատել դրանցից որևէ մեկի իրականացումը:
Այսօր ողջ օրվա ընթացքում Գյումրիի քաղաքապետարանից այդպես էլ չարձագանքեցին, թե ինչ են անելու Գյումրիի աղբավայրի հետ: Քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանը մոտ 1.5 ամիս առաջ աղբավայր էր այցելել, երբ տարածքում դարձյալ հրդեհ էր բռնկվել: Սա միայն համայնքային բյուջեով լուծվող խնդիր չէ, պնդել էր փոխքաղաքապետը:
«Ընդհանուր առմամբ սա շատ մեծ խնդիր է, քաղաքապետարանն իր ունեցած բյուջեով, իր հնարավորություններով չի կարող: Այստեղ պետական լուրջ մոտեցում պետք է ցուցաբերվի, այս պահին ինչը կարող ենք, դա ենք անում, առավելագույնն ենք անում», - ասել է նա:
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ քաղաքային նոր իշխանությունները հոլանդական ընկերության հետ են հուշագիր ստորագրել, որը զբաղվելու էր աղբի վերամշակմամբ, բայց որևէ լուր նրանցից չկա՝ ըստ Առաքելյանի:
Գյումրիի հարակից բնակավայրերի համար նոր աղբավայր կառուցելու ծրագիր կառավարությունն ունի: Մի քանի անգամ քննարկումներ են անցկացվել, բայց դրանից այն կողմ գործն առաջ չի գնացել: Մինչ խնդրի լուծումը ձգձգվում է, թաղամասի հազարավոր բնակիչներ շարունակում են շնչել թունավոր օդը: