Մատչելիության հղումներ

ԱԳՆ աշխատակցին առնչվող պետական դավաճանության գործն ուղարկվել է նոր քննության

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին գումարի դիմաց Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ փոխանցելու համար մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ գործով դատախազի բողոքը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Դատախազը Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հատկանիշներով։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ապրիլի 20-ի դատավճռով մեղադրյալի արարքը վերաորակել էր Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին) և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով։

Դատարանի վճռի դեմ դատախազի կողմից վերաքննիչ բողոք էր ներկայացվել։ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի բողոքը և գործն ուղարկել նոր քննության։



XS
SM
MD
LG