Մոսկվայում իր բնակարանում մահացած է հայտնաբերվել Անվտանգության դաշնային ծառայության պաշտոնաթող գեներալ-մայոր Իգոր Լապտևը, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Աղբյուրները վկայակոչելով՝ լրատվամիջոցները գրում են, որ 83-ամյա Լապտևը ենթադրաբար ինքնասպանություն է գործել, դա տեղի է ունեցել երեկ ցերեկը:
"Известия"-ն հայտնում է, որ պաշտոնաթող գեներալը մահացել է գլխի հրազենային վնասվածքից: Լապտևի թողած որևէ գրության կամ ենթադրյալ ինքնասպանության շարժառիթների մասին չի հաղորդվում:
Իրավապահ մարմինները պաշտոնական տեղեկատվություն չեն հրապարակում:
"Деловой Петербург" հրատարակությունը գրում է, որ Լապտևը մասնագիտությամբ քիմիկոս-տեխնոլոգ է: Ծառայել է ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեում, մասնակցել է Աֆղանստանում մարտական գործողություններին: ՊԱԿ-ում և հետագայում ԱԴԾ-ում ծառայության ժամանակ զբաղվել է տեղեկատվական անվտանգության հարցերով: 1990-ականների վերջին եղել է հարկերի և տուրքերի նախարարի տեղակալ, իսկ 1998-ից գլխավորել է «Ինֆորմտեխնիկա և կապ» ընկերության տնօրենների խորհուրդը: Ընկերությունը կապի համակարգեր է արտադրում այդ թվում իշխանության դաշնային մարմինների և ուժային կառույցների համար, այդ թվում՝ ԱԴԾ-ի, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների: