Այսօր Աբու Դաբիում կկայանա Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս հանդիպումը, բոլոր կողմերի համաձայնությամբ, կրկին կանցկացվի փակ դռների հետևում։
Պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Սպիտակ տան խոսնակը NBC News-ին ասել է, որ հանդիպումը «արդյունավետ է եղել»։ Reuters-ը հաղորդում է, որ դեռևս չկան նշաններ, որ հանդիպման ժամանակ փոխզիջման են հասել։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցն առանցքային է, և այն քննարկելու են հունվարի 23-ին Աբու Դաբիում հանդիպման ժամանակ:
Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ ծովակալ Իգոր Կոստյուկովը: Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորում է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։