Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը չի կորցրել երկխոսության կայացման «միջնորդը դառնալու հույսը»


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռեւս չի կորցնում Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանական կոալիցիայի միջեւ երկխոսության կայացման միջնորդը դառնալու հույսը, չնայած երկու կողմից հնչած մերժողական գնահատականներին:

Պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ասուլիսում Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ նախատեսում է իր առաջարկները նաեւ գրավոր ուղարկել իշխանությանն ու ընդդիմությանը եւ սպասել պատասխանի:

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում Կարեն Անդրեասյանը ցանկություն էր հայտնել միջնորդ դառնալ ընդդիմադիր ՀԱԿ-ի եւ իշխող կոալիցիայի միջեւ` երկխոսություն եւ առողջ համագործակցություն սկսելու գործում:

Արձագանքելով այս առաջարկին` իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, թե նման միջնորդությամբ հանդես գալը օմբուդսմենի լիազորությունների շրջանակում չի գտնվում: Մինչդեռ Անդրեասյանը այսօր հայտարարեց, որ օմբուդսմենը ունի կողմերի միջեւ միջնորդ դառնալու օրենքով ընձեռնված լիազորություն եւ պատրաստ է դա ապացուցել դատարանում։

ՀԱԿ-ը երեկ տարածած հայտարարության մեջ նշել էր, թե իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ ուղղակի երկխոսության ձեւաչափում «ո'չ ներքին, ո'չ արտաքին միջնորդի կարիք չկա»:

«Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, ՀԱԿ-ը խնդիր չունի», - ասված էր հայտարարությունում:

Օմբուդսմենը առանձնահատուկ շեշտեց, որ շնորհակալ է ՀԱԿ-ին, քանի որ «նրանք առանց ցայտուն բացասական վերաբերմունքի արձագանքեցին իր առաջարկին»:

«Ընդամենը պետք է սկսել փոքրից, գտնել կողմերին, կողմերի ներկայացուցիչներին, փորձել ունենալ գոնե առաջին հանդիպումը, նստել մեկ սեղանի շուրջ, եւ դա արդեն մեծ քայլ կլինի ե'ւ հասարակության, ե'ւ մեր բոլորի աչքերում: Դա ցույց կտա, որ երկխոսության գալու կողմերի ցանկությունը հնարավոր էր եւ ոչ թե միայն բանավոր խոստումներ են, որ «մենք երկխոսում ենք, իսկ մեզ միջնորդներ պետք չեն», - շեշտեց Կարեն Անդրեասյանը:

Լրագրողական շրջանակներում Կարեն Անդրեասյանի անունը կապվում է զրպարտության եւ վիրավորանքի հոդվածները ապաքրեականացնելու առաջարկի հետ: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք իրեն մեղավոր է զգում ստեղծված իրավիճակի համար, երբ վիրավորելու, զրպարտելու մեղադրանքների համար 10-ից ավելի լրատվամիջոցների դեմ հայցեր կան ներկայացված, Անդրեասյանը պատասխանեց, թե իրեն մեղավոր չի զգում: Նա կարծում է, որ այն, «ինչ արվել է, վատ չէ»:

«Ինձ համար կարեւոր է, որպեսզի լրագրողի նկատմամբ բռնություն չլինի, լրագրողի նկատմամբ չլինի քրեական պատասխանատվություն։ Տվյալ օրենքը հեռու է պահում, կամ գոնե նպաստում է, որպեսզի լրագրողները հեռու լինեն բանտերից եւ հիվանդանոցներից։ Ծեծը եւ քրեական պատասխանատվությունը հաստատ ավելի վատ են լրագրողի համար, քան ֆինանսական հայցերը», – ընդգծեց օմբուդսմենը։

Մարդու իրավունքների պաշտպանը այսօր խուսափեց հայտնել իր կարծիքը Հայաստանում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ, ինչպես ընդդիմությունն է պնդում։

«Հայաստանում կան ազատազրկված անձինք, որոնք համոզված են, որ իրենք քաղբանտարկյալ են։ Միայն իրենց համոզմունքը արդեն բացասական է։ Ես չէի ուզենա ավելի գնահատականներ տալ, որովհետեւ դա անմիջապես ինձ կդարձնի կողմ, եւ ես չեմ կարողանա լինել միջնորդ», – այս առնչությամբ ասաց Կարեն Անդրեասյանը։

please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG