Մատչելիության հղումներ

Օմբուդսմենն առաջարկում է միջնորդ դառնալ իշխող կոալիցիայի եւ ՀԱԿ-ի միջեւ


Կարեն Անդրեասյան
Կարեն Անդրեասյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ցանկություն է հայտնել միջնորդ դառնալ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ իշխող կոալիցիայի միջեւ` երկխոսություն եւ առողջ համագործակցության սկսելու գործում:

Երկուշաբթի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում նորընտիր օմբուդսմենը ասում է, թե կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ՝ այս շաբաթ իր առաջարկը գրավոր կուղարկի խորհրդարանական իշխող կոալիցիային եւ ՀԱԿ-ին:

Պաշտպանը իր հայտարարության մեջ ֆիքսել է կողմերի, իր գնահատմամբ, ամենահակասական յոթ դիրքորոշումները, որոնք հիմնականում առնչվում են 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքներին, հետընտրական իրադարձություններին եւ դրանց հետեւանքներին:

Անդրեասյանը ցանկանում է մերձեցնել իշխանության եւ ընդդիմության այս հակասական դիրքորոշումները եւ կողմերի օգնությամբ գտնել հնարավոր լուծումները: Օմբուդսմենը կարծում է, որ այս առաքելության տեսանկյունից ինքն ունի մի քանի առավելություն: Ընդգծելով, որ Սահմանադրությամբ օմբուդսմենին միջնորդի գործառույթ է տրված` Կարեն Անդրեասյանը գրում է. - «Իմ տեւական իրավաբանական գործունեության ընթացքում հաճախ եմ հաշտեցրել ծայրահեղ հակասական դիրքորոշումներ, եւ վերջապես՝ ես նոր եմ քաղաքական գործընթացներում ու բավական երիտասարդ, որպեսզի անկեղծ հավատամ, որ եղբայրասիրության ու համերաշխության գաղափարները չեն վերացել մեր ոչ մի քաղաքական ուժի գաղափարախոսությունից, եւ որ անհնարը հնարավոր են դարձնում երիտասարդ իդեալիստները, մասնագետ պրագմատիկները եւ մարդասերները»:

Օմբուդսմենի այս ցանկությունը Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը ընդունելի է համարում, սակայն նրա համար դրա իրականացման մեխանիզմներն են անհասկանալի:

«Հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Եթե մենք ասենք` այո, կողմ ենք, կամ` ոչ, կողմ չենք, Մարդու իրավունքների պաշտպանը ի՞նչ է անելու: Մենք պետք է ի՞նչ որ թուղթ ստորագրենք, որ ցանկանում ենք, որ ինքը միջնորդ հանդիսանա», - հարցնում է պատգամավորը:

Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե իշխանությունը բազմիցս հայտարարել է, թե պատրաստ է ուղիղ երկխոսության` առկա խնդիրները քննարկելու համար:

«Մարդու իրավունքների պաշտպանը պետք է միջնորդ լինի իր ամենօրյա գործերով, ոչ թե այս կամ այն նամակով», - ասաց Հովհաննես Սահակյանը:

Ընդդիմադիր ՀԱԿ-ը, արձագանքելով օմբուդսմենին այս առաջարկին, այսօր հայտարարություն է տարածել, որում ասում է, թե մարդու իրավունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխոսության իմաստը, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե ՀԱԿ-ի եւ խորհրդարանական կոալիցիայի, այլ «ՀԱԿ-ի եւ գործադիր իշխանության միջեւ կայանալիք երկխոսությանը»:

«Իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ ուղղակի երկխոսության ձեւաչափում ո'չ ներքին, ո'չ արտաքին միջնորդի կարիք չկա: Իսկ եթե իշխանությունը նպատակահարմար համարի բանակցությունների ընթացքում իր պատվիրակության կազմում ընդգրկել Մարդու իրավունքների պաշտպանին, ՀԱԿ-ը խնդիր չունի», - ասված է հայտարարությունում:

please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG