Մատչելիության հղումներ

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը «դանդաղել է»


Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Երեւանում: 24-ը ապրիլի, 2011թ.
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Երեւանում: 24-ը ապրիլի, 2011թ.

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով` Հայոց ցեղասպանության միջազգայի ճանաչման գործընթացը դանդաղել է:

«Դանդաղել է այն ստրատեգիայի պատճառով, որ աշխարհը, որը ժամանակին իսկապես գնում էր այդ խնդիրը ճանաչելու ուղղությամբ եւ, երեւի թե, գտնում էր, որ ճիշտ է այդ ուղղությունը, այսօր երեւի ավելի շատ հույսեր ունի, որ դա պիտի իսկապես Հայաստան - Թուրքիա հարաբերություններում լուծվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց փորձագետը` հավելելով. - «Բոլորն են հասկացել, որ դա հզոր քաղաքական լծակ է միջազգային քաղաքականության մեջ եւ գուցեեւ այդ լծակը այսօր պետք չէ օգտագործել. պետք է թողնել կողմերին: Ինչ-որ մի վերաբերմունք փոխվել է»:

Մանվել Սարգսյանը, միաժամանակ, դժվարացավ ասել, թե ինչքանով է այդ նոր իրողությունը դրական Հայաստանի շահերի տեսանկյունից. - «Չգիտեմ ինչքանով է դա լավ, ճիշտ: Դա պիտի արդեն հայկական էլիտան ինքը որոշում ընդունի եւ գնահատի այդ փոփոխությունը… Այդ գնահատականները նույնպես շատ տարբեր են, որովհետեւ, եթե աշխարհը փոխել է որոշումը, չի երեւում, որ հայությունը փոխել է»:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձին, որում, հիշեցնենք, նա գործածել է «Մեծ եղեռն» բառակապակցությունը` Մանվել Սարգսյանը նշեց. - «Նպատակն այն է, որ իսկապես ոչ թե ճնշման տակ դա արվի, այլ ընդամենը դիալոգի մեջ` հայերի եւ թուրքերի»:

Միացյալ Նահանգների նման մոտեցումը, փորձագետի խոսքով, շատ ավելի մեծ նշանակություն ունի, որովհետեւ ցույց է տալիս հարցի վերաբերյալ այդ երկրի ռազմավարությունը. - «Ի վերջո, կարելի է ճնշել: Բայց նրանք, ըստ երեւույթին, ռեալ արդյունք չեն տեսնում, եւ այդ ճանապարհը չէ, որ Միացյալ Նահանգներին հետաքրքրում է: Իսկապես, ինչ-որ հաշտեցման ստրատեգիա են վերցրել եւ շարունակում են դա: Որը, իհարկե, հայկական կողմին` եւ Սփյուռքում, ե'ւ Հայաստանում շատերի դուրը չի գալիս, որովհետեւ շատերը գտնում են, որ Թուրքիայի վրա ճնշման գործոնը օգտագործվի»:

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` չի կարելի հարցին մոտենալ տեսանկյունից, թե դանդաղե՞լ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, թե՞ ոչ:

«Գործընթացը սկիզբ է առել տասնամյակներ առաջ եւ շարունակվում է եւ էլի կշարունակվի: Իսկ դանդաղել է թե չէ` իմաստ չունի նման գնահատականներ տալը, քանի որ գործընթացը կախված է տարբեր քաղաքական իրադարձություններից, աշխարհաքաղաքական դասավորություններից: Եվ եթե այս տեսակետից ենք նայում` ապա կարող ենք մի բան արձանագրել. գործընթացը շարունակվում է»:

Սաֆրաստյանի կարծիքով` այն փաստին, որ Օբաման կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրը օգտագործելուց, կարելի է տալ մի քանի գնահատական. - «Առաջինը` ինձ համար կարեւորը բարոյական տեսանկյունի գնահատականն է, եւ պետք է ցավով արձանագրեմ, որ Ամերիկայի նման երկրի նախագահը հերթական անգամ դրժեց իր խոսքը եւ չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: Սա ցավալի երեւույթ է»:

Աշխարհաքաղաքական տեսակետից, ըստ Սաֆրաստյանի, առաջին հերթին պետք է հաշվի առնել այն, որ թուրքական դիվանագիտությունը հմտորեն օգտագործում է այն հանգամանքը, որ Մերձավոր Արեւելքում այժմ տեղի է ունենում «արաբական ապստամբություն»:

«Թուրքիան բավական կարեւոր դերակատարում ունի բոլոր այդ գործընթացներում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված են, որ Թուրքիան այն դերակատարումը ստանձնի, որը ձեռնտու է Ամերիկայի միացյալ նահանգներին եւ Արեւմուտքին», - ասաց նա:
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG