Մատչելիության հղումներ

«Ինչո՞ւ է Վրաստանում ստացվել»


Ռուսաստանի տնտեսական վերլուծությունների ինստիտուտի աշխատակից Լարիսա Բուրակովա
Ռուսաստանի տնտեսական վերլուծությունների ինստիտուտի աշխատակից Լարիսա Բուրակովա
Ռուսաստանում լույս է տեսել «Ինչո՞ւ է Վրաստանում ստացվել» վերնագրով գիրքը: Սա առաջին փորձն է համակարգել Վրաստանում «Վարդերի» հեղափոխությունից հետո իրականացված բարեփոխումները:

Հեղինակը` Ռուսաստանի տնտեսական վերլուծությունների ինստիտուտի աշխատակից, տնտեսագետ Լարիսա Բուրակովան, երկու տարի ուսումնասիրել է Վրաստանում անցկացվող բարեփոխումները, զրուցել դրանց կողմնակիցների ու ընդդիմախոսների հետ:

«Ամենահայտնի ռեֆորմները ոստիկանության բարեփոխումներն էին, եւ այսօր Վրաստանի ներքին գործերի նախարարության նոր` ապակե շենքը խորհրդանշում է այդ բարեփոխումները: Ամեն ինչ թափանցիկ է, եւ կաշառակերները նախարարությունում անելիք չունեն», - գրում է Բուրակովան:

Տնտեսագետը նշում է, որ նախարարությունում փոխվել է ամբողջ համակարգը:

«Անշուշտ, մեծ թվով մարդիկ դուրս են մնացել այդ համակարգից, սակայն փոխարենը` այսօր դժվար է պատկերացնել, որ Վրաստանում ոստիկանը կաշառք վերցնի», - հավելում է ռուս հետազոտողը:

«Թե՛ քաղաքացիական, թե՛ արտասահմանյան անձնագիրը Վրաստանում կարելի է ստանալ 5 րոպեում», - գրում է Լարիսա Բուրակովան:

Գիրքն անդրադառնում է նաեւ առողջապահության ոլորտում անցկացվող բարեփոխումներին:

«Սա մեր հարեւան հանրապետության ամենավատ գործող համակարգերից էր: Իշխանությունները հիվանադանոցը, իր ամբողջ տարածքով եւ ենթակառուցվածքով, որպես գրավ տալիս են այս կամ այն մասնավոր ընկերությանը: Փոխարենը` այդ ընկերությունը պարտավորվում է նոր հիվանդանոցներ կառուցել», - պատմում է հեղինակը:

Բացի այս, Բուրակովան գրում է, որ այսօր Վրաստանում մի քանի րոպեում կարելի է գրանցել նոր բիզնես, նոր կուսակցություն, չկան բյուրոկրատական քաշքշուկներ:

«Վրաստանում ոչ թե մարդկանց են փոխել, այլ համակարգը: Սա է կարեւորը, եւ հենց սրա պատճառով է, որ մի քանի տարում այդ հանրապետությունում նման փոփոխություններ են արձանագրվե», - արձանագրում է գրքի հեղինակը:

Անդրադառնալով տնտեսությանը` Բորակովան նկատում է. - «Կորցնելով ռուսաստանյան շուկան` Վրաստանը միայն շահել է: Երկիրը փորձում է հնարավորինս բացել սահմանները, եւ որպես արդյունք այստեղ աճում են արտասահմանյան ներդրումները»:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում տնտեսագետն ընդգծել է, որ, իհարկե, Վրաստանում կան նաեւ այդ բարեփոխումների քննադատներ, ում հիմնական փաստարկն այն է, որ բարեփոխումների ծրագրի արդյունքում աճել է երկրի պետական պարտքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG