Մատչելիության հղումներ

Ապրիլքսանչորսյան միջոցառումներ Թուրքիայում


Հայկական եւ հակահայկական կոչեր Ստամբուլում
please wait

No media source currently available

0:00 0:06:10 0:00
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ինչպես եւ անցյալ տարի, միջոցառում անցկացվեց Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:

Հրապարակում, որտեղ մեծ թվով մարդիկ էին հավաքված, հնչում էր հայկական երաժշտություն, որի ներքո ակցիայի բոլոր մասնակիցները ծնկի էին իջել եւ լռությամբ հարգում էին 1915 թվականի զոհերի հիշատակը:

Միջոցառման ընթացքում նռան տեսքով մոմեր էին վառվում, մասնակիցների ձեռքերին կարմիր մեխակներ էին, որոնք նրանք վերջում նետեցին մեջտեղում դրված պաստառի վրա, որտեղ գրված է` «Այս ցավը բոլորիս ցավն է»:

Հնչեցին ելույթներ, որոնց ընթացքում անուն առ անուն հիշատակվում էին այն բոլոր հայտնի մտավորականները, ովքեր զոհ են դարձել 1915 թվականի եղեռնին:

Ակցիայի մասնակիցների թիվը մի քանի անգամ գերազանցում էր մեկ տարի առաջ նույն վայրում տեղի ունեցած միջոցառման մասնակիցների թիվը:

Միջոցառման կազմակերպիչը «Դուրդե» («Կանգ առ») անունով նախաձեռնող խումբն է, որի անդամները մտավորականներ են, արվեստագետներ եւ հայտնի մարդիկ:

Ակցիայի մասնակիցների մեծամասնությունը թուրքեր էին, կային շատ քիչ թվով հայեր, ներկա էին նաեւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը զուգահեռ` փողոցից այն կողմ ցույց էին անցկացնում թուրք ազգայնականները, որոնք հակահայկական ելույթներ էին ունենում, հայտարարում, թե ոչ մի ցեղասպանություն էլ տեղի չի ունեցել, սրանք ընդամենը Ամերիկայի եւ Եվրոպայի դրդմամբ տեղի ունեցող` իրենց համար «անհասկանալի» գործողություններ են:

Ոստիկանները ամբողջ երկարությամբ փակել էին այս երկու փողոցները միացնող հատվածը` կանխելով հնարավոր բախումները երկու խմբերի միջեւ:

Երեկոյան երկու ակցիաների մասնակիցները դեռ չէին ցրվել:

Կիրակի օրը ավելի վաղ Ստամբուլի «Սուլթան Ահմեդ» պատմական վայրում տեղի էր ունեցել թուրք մտավորականների ակցիա` նվիրված Ստամբուլում ձերբակալված եւ արտաքսված հայ մտավորականների հիշատակին:

Ակցիայի ժամանակ ընթերցվեց հայտարարություն, որում ասված էր, որ 1915 թվականի ապրիլի 24-ին «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի պահանջով հայ առաջատար մտավորականները ձերբակալվել են Ստամբուլում եւ բռնի տեղահանվել:

«Սուլթան Ահմեդի» տարածքում ներկայումս թուրք մահմեդական արվեստների թանգարանն է: Միջոցառման ընթացքում թուրք մտավորականները պահել էին պաստառներ, որտեղ գրված էր, որ այս թանգարանը 1915 թվականին բանտ էր, որտեղ հայ մտավորականները պահվում էին վախճանի ճամփորդությունից առաջ:

Ակցիայի կազմակերպիչը Մարդու իրավունքների ընկերակցության Ստամբուլի մասնաճյուղն էր, որի հայտարարությունում ասված էր, որ Թուրքիան երկար ժամանակ թաքցրել է իր հանցագործ անցյալը, եւ կան տարածքներ, որտեղով մարդիկ անցնում են` առանց գիտակցելու դրանց իրական պատմությունը:

Ընկերակցությունը անցած տարի եւս Ստամբուլում ակցիաներ էր իրականացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG