Մատչելիության հղումներ

Թուրքիան «խորը ափսոսանք» է հայտնում Օբամայի ուղերձի կապակցությամբ


Պաշտոնական Անկարան այսօր «խորը ափսոսանք» է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առիթով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի երեկվա ուղերձի կապակցությամբ` այն որակելով «միակողմանի»:

«Հայտարարությունը աղավաղում է պատմական փաստերը: Հետեւաբար, մենք այն համարում ենք շատ խնդրահարույց եւ խորապես ափսոսում ենք այդ կապակցությամբ: Պատմական վիճելի իրադարձությունները արդարության ընտրովի իմաստով մեկնաբանող միակողմանի հայտարարությունները խոչընդոտում են ճշմարտության ըմբռնմանը», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:

«Մենք ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները նպաստի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացին, այլ ոչ թե ավելի դժվարացնի այն», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության վկայությամբ` հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Չնայած պատմագրությանը միջամտելու բոլոր փորձերին` մենք շարունակելու ենք վճռական լինել արդար հիշատակի հասնելու եւ Հայաստանի հետ ընդհանուր ապագա կառուցելու հարցում», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:

Իր ուղերձում Բարաք Օբաման խուսափել է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակելուց` դրանք անվանելով Մեծ Եղեռն եւ այդ «սարսափելի իրադարձությունների» «լիակատար, շիտակ եւ արդարացի ճանաչման» կոչ անելով:

«Մենք կցանկանայինք, որպեսզի մեր բարեկամ եւ դաշնակից Միացյալ Նահանգների նախագահը հաղորդակից լիներ նաեւ Թուրքիայի ցավին եւ ուղերձ հրապարակեր նոր տեսանկյունից», - «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` Օբամայի ուղերձի վերաբերյալ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG