Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Շվեդիայի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը կարեւոր առանձնահատկություններ ունի


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին եւ խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին, ովքեր ակտիվ դերակատարություն են ունեցել Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման գործում:

«Ցանկանում եմ ձեզ եւ ձեր բոլոր համախոհներին շնորհակալություն հայտնել մեր ժողովրդի անունից` Շվեդիայի Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու համար: Ավելորդ չէ ասել, որ մեզ համար չափազանց կարեւոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը», - նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Սերժ Սարգսյանը:

«Ռիկստագի որոշումը երկու կարեւոր առանձնահատկություն ունի. մեկն այն է, որ այդ որոշումը եւս մեկ անգամ վկայում է, որ Շվեդիան` սերտ փոխգործակցություն ունենալով Թուրքիայի հետ, միանգամայն հնարավոր է համարել նման որոշում ընդունելը: Դա շատ լավ օրինակ կարող է լինել այլ երկրների համար: Եւ երկրորդ՝ այդ բանաձեւը դուք ընդունեցիք մի ժամանակահատվածում, երբ մենք փորձում էինք Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել: Մեր բոլոր ընդդիմախոսներն ասում էին, թե այդ քայլով մենք ձախողեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, եւ այլեւս ոչ ոք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բոլորի համար հասկանալի դարձավ, որ կարելի է փորձել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել` միեւնույն ժամանակ շարունակելով ցեղասպանության ճանաչման գործընթացը»,- հավելել է նախագահ Սարգսյանը:

Շվեդ պատգամավորներն ընդգծել են, թե ցեղասպանությունը ցանկացած պարագայում մնում է ցեղասպանություն եւ այլ անունով այն չի կարելի անվանել:

«Մեզ համար Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրած ջանքերն անհրաժեշտ էին, քանի որ արդարության վերականգնմանն էին ուղղված: Արդարության ճանապարհը դժվար է, բայց, պարո՛ն նախագահ, այդ դժվարին ճանապարհին դուք Շվեդիայում մշտապես կունենաք բարեկամներ»,- վստահեցրել են պատգամավորներ Անելի Էնոքսոնն ու Ֆրեդրիկ Մալմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG