Մատչելիության հղումներ

Մայիսին կամփոփվի Երեւանի տրանսպորտային հոսքերը թեթեւացնելու փորձնական ծրագիրը


Քաղաքապետարանը Երեւանի կենտրոնական փողոցներում առավոտյան ժամերին նկատվող տրանսպորտային հոսքերը թեթեւացնելու նպատակով փորձնական ծրագիր է իրականացնում:

Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ իրականացվող փորձնական ծրագիրը ներառում է մայրաքաղաքի 4 վարչական շրջանների 24 դպրոց եւ Կենտրոն վարչական շրջանի թվով 20 մանկապարտեզ:

Ծրագիրն ամփոփվելու է մայիսի 18ին, ինչից հետո քաղաքապետարանը կորոշի բոլոր հանրակրթական եւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում այն ներդնելու նպատակահարմարության հարցը:

«Երեք-չորս օրվա ուսումնասիրության արդյունքում մենք տեսնում ենք, որ որոշ փողոցներում այդ ժամերին` ժամը 9-ի կողմ, բեռնաթափված լինելը արդեն զգացնել է տալիս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Նա նաեւ նշեց, որ ճանապարհային ոստիկանության ամենօրյա հսկողության տակ է նաեւ մայրաքաղաքի կենտրոնում, մասնավորապես Չեխովի եւ Պուշկինի անվան դպրոցների դիմաց դասաժամերի սկզբին ու ավարտին երթեւեկելի 2-րդ եւ 3-րդ հատվածներում կայանած ավտոմեքենաների խնդիրը:

Անցած տարիների ընթացքում Երեւանում կառուցվեցին տրանսպորտային հանգույցներ, վերգետնյա եւ ստորգետնյա անցուղիներ. նպատակը, ըստ քաղաքային իշխանությունների, տրանսպորտային ծանրաբեռնված հոսքերից ու խցանումներից խուսափելն էր: Հարցին, թե որքանով է այսօր հաջողվել լուծել այդ խնդիրը, պաշտոնյան արձագանքեց. - «Չորս-հինգ տարի առաջ դեկտեմբերի վերջին օրերին Երեւան քաղաքի շատ-շատ փողոցներում` Տիգրան Մեծ պողոտայում, Արշակունյաց պողոտայում, Խանջյան փողոցում, խցանումների քանակը այնպիսին էր, որ երկու-երեք ժամով մեքենաները մնում էին խցանումների մեջ: Այդ կառույցները նպաստեցին, որպեսզի այդ խցանումները վերանան»:

Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է հանրության քննարկմանը ներկայացնել Երեւանի քաղաքային տրանսպորտի ոլորտի զարգացման հայեցակարգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG