Մատչելիության հղումներ

Հետաքննական ֆիլմ` մարտի 1-ի դեպքերի մասին


2008-ի մարտի 1-ի բախումների արդյունքում հրդեհված մեքենա
2008-ի մարտի 1-ի բախումների արդյունքում հրդեհված մեքենա
Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» նոր, հետաքննական ֆիլմը անդրադառնում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին:

2 ժամ, 4 րոպե տեւողությամբ ֆիլմը երկու մասից է բաղկացած:

«Առաջին մասը մինչեւ մարտի 1-ն է, երկրորդ մասը սկսվում է մարտի 1-ի առավոտյան իրադարձություններով: Մենք նպատակ ունենք միաժամանակ ցույց տալ մարտի 1-ի ե'ւ պատճառները, ե'ւ հետեւանքները: Պատճառները փորձել ենք ցույց տալ անարդար, անհավասար մրցակցային պայքարով, որ ծավալվել էր 2007 թվականի աշնանից մինչեւ փետրվարի 19-ը` բուն ընտրությունների օրը, եւ հասարակության հախուռն ցասումով, որը, եւս մեկ անգամ տեսնելով կեղծված ընտրություններ, ոտքի էր կանգնել եւ պահանջում էր չեղյալ հայտարարել ընտրությունները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում է Տիգրան Պասկեւիչյանը:

Նրա խոսքով` ֆիլմի երկրորդ մասը վերաբերում է մարտի 1-ին տեղի ունեցած եւ դրան հաջորդած իրադարձություններին:

«Մենք խնդիր չենք դրել բացահայտել մարտի 1-ը: Դա որեւէ լրագրողական խմբի կամ լրագրող անհատի ուժերից վեր գործ է: Մենք խնդիր ենք դրել ցույց տալ, թե ինչու եւ ինչպես իշխանությունները չեն բացահայտել մարտի 1-ը», - ասաց Պասկեւիչյանը:

Ֆիլմի աշխատանքները սկսել են ավելի քան մեկ տարի առաջ: Պասկեւիչյանը պատմեց, որ ֆիլմի ստեղծման ընթացքում ուսումնասիրվել են մարտի 1-ի իրադարձություններին առնչվող մամուլի հրապարակումները, տեսանյութեր, անգամ լուսանկարներ:

«Ի տարբերություն իմ նախորդ ֆիլմի, որը դարձյալ ընտրությունների մասին էր եւ որտեղ խոսում էին քաղաքական գործիչներ, նախկին քաղբանտարկյալներն եւ այլն, այստեղ մոտեցումը մի փոքր փոխվել է: Ֆիլմում` որպես օրիգինալ նկարահանված մարդիկ, առկա են միայն մարտի 1-ի զոհերի հարազատները, [ֆիլմը] նաեւ հայացք է իրենց կողմից այս իրադարձություններին: Պաշտոնյաներ, տարբեր մարդիկ, որոնք խոսում են ֆիլմում, վերցված են արխիվային նյութերից», - ասաց Պասկեւիչյանը:

Պասկեւիչյանն ասում է, թե ֆիլմը ցուցադրելու համար դիմելու են բոլորին` հեռուստաընկերություններին, կինոթատրոններին, սակայն նա ենթադրում է, որ «Հայաստանի կորսված գարունը» կդառնա արդեն իր երրորդ ֆիլմը, որը թե' հեռուստաընկերությունները, թե' կինոդահլիճների սեփականատերերը կհրաժարվեն ցուցադրել:

«Առաջինը «Օտարում»-ն էր, որ «Մոսկվա» կինոթատրոնում հրաժարվեցին ցույց տալ, երկրորդը` «Ընտրություն»-ն էր, երբ փակեցին փոքր դահլիճը, եւ «Մոսկվա» կինոթատրոնը այդպես էլ մեզ չպատասխանեց, թե ուզում է ցուցադրել, թե` ոչ: Մենք չենք պարտադրելու իրենց հասարակական կեցվածք ընդունել, հերոսաբար ցույց տալ, մենք առաջարկելու ենք մտնել կոմերցիոն գործարքի մեջ: Առաջարկելու ենք վճարել ցուցադրության համար եւ գնել դահլիճի եւ էկրանի այդ օրվա, այդ ժամերը», - ասաց Պասկեւիչյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG