Մատչելիության հղումներ

Նախագահի հայտարարությունը «սպասումներ առաջացրեց հասարակության մեջ»


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյան
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մարտի 1-ի գործով ընթացող քննությանը նոր թափ հաղորդելու մասին, ըստ էության, զիջման քայլ էր ոչ այնքան ընդդիմության պահանջներին, որքան Հայաստանի ներքաղաքական իրողություններին:

Քաղաքագետն այս համատեքստում չի բացառում, որ նախագահի հայտարարությունը ավելի լայն ու հեռու գնացող ենթաշերտեր ունի, որոնք կարող են երեւան գալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մոտեցմանը զուգընթաց եւ անգամ ի վիճակի են որոշակի փոփոխություններ մտցնել ներքաղաքական դաշտում ներկայումս ձեւավորված ուժերի փոխդասավորվածության վրա:

Ռիչարդ Կիրակոսյանը ձեռնպահ մնաց կանխատեսելուց, թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները` նշելով միայն, որ շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ քայլեր կհաջորդեն նախագահի այս հայտարարությանը:

Հարցին, թե չի բացառում արդյո՞ք, որ իրականում նախագահի հայտարարարությունը ոչ այնքան հարցն իսկապես բացահայտելու լուրջ հայտ էր, այլ ինչ-ինչ նպատակների միտված քաղաքական հայտարարություն, քաղաքագետը պատասխանեց. - «Ըստ էության, դա կարեւորագույն հարցն է, քանի որ դրա մասին խոսելով ու դրա կարեւորությունը հրապարակավ շեշտելով` Սերժ Սարգսյանը հասարակության մեջ մեծ սպասումներ առաջացրեց: Մնում է մի փոքր սպասել ու տեսնել, թե կոնկրետ ինչ գործողություններ կհաջորդեն, որոնք էլ, ըստ էության, պայմանավորելու են այս խնդրի շուրջ հետագա զարգացումները: Մի բան հստակ է` անկախ ամեն ինչից Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը այն իրողության պաշտոնական խոստովանությունն էր, որ 2008-ի հետընտրական ճգնաժամը շատ հեռու է լուծված լինելուց»:

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի կարծիքով` «ժամկետներ կային, որ մարտի 1-ի խնդիրը անպայման պիտի հնչեցվեր»:

«Որովհետեւ Մարտի 1-ի խնդիրը, լռեցնելու բոլոր փորձերին հակառակ, մնում է Հայաստանի քաղաքական օրակարգում», - փաստարկեց նա` շարունակելով. - «Ինչ վերաբերում է մտքին, որ դա զիջում էր Հայաստանի ընդդիմադիր դաշտի պահանջներին` ինձ թվում է, որ ընդդիմադիր դաշտը, լավ տեղյակ լինելով եւ լավ վերլուծական հնարավորություններ ունենալով, ճիշտ ժամանակին հնչեցրել է այդ պահանջները` իմանալով, որ անկախ ամեն ինչից այդ պահանջները պետք է կատարվեն: Իսկ մարտի 1-ի հայտարարությունը միանշանակ մտահոգ մարդու հայտարարություն չէր: Ոչ թե Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդու հայտարարություն էր, այլ սեփական ճակատագրով մտահոգ մարդու հայտարարություն: Որովհետեւ, ինչպես տեսնում ենք, սա այն ռուբիկոնն է, որ ցանկացած քաղաքական գործիչ պետք է անցնի: Այլեւս հնարավոր չէ ունենալ գաղտնիության քաղաքականություն: Ողջ աշխարհը գնում է ապադավադրական ուղիով, Հայաստանը բացառություն չէ»:

Հարցին, թե հայտարարությանը կհաջորդեն արդյոք ինչ-որ քայլեր, Սեդրակյանը պատասխանեց. - «Փորձեր կարվեն անելու այնպես, որ այդ ամենը մնա հայտարարությունների մակարդակի վրա, որովհետեւ այդ ամենը արդեն ինքնին` այդ խիզախ հայտարարությունը, իրադարձություն է: Կփորձեն հայտարարության մակարդակին պահել այնքան, ինչքան հնարավոր է: Բայց ինձ թվում է, որ ստիպված են անելու այդ քայլերը լուրջ բացահայտումների համար: Ոչ թե կամովին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG