Մատչելիության հղումներ

Բրայզային արգելել են այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան:
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան:

Նախիջեւանի իշխանությունները արգելել են Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզային այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն:

«Նախիջեւան կատարած այցի ընթացքում դեսպան Բրայզան Ջուղա մեկնելու ցանկություն է հայտնել` ուսումնասիրելու այն գերեզմանատունը, որտեղ գտնվող հայկական խաչքարերը, որոշ տեղեկությունների համաձայն, 2005 թվականին ոչնչացվել էին: Դեսպանի խնդրանքը, սակայն, մերժվել է», - նշված է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Դեսպանությունը նաեւ մեջբերում է Մեթյու Բրազայի հետեւյալ խոսքերը. - «Ինչպես եւ խոստացել էի Վաշինգտոնում իմ պաշտոնավարման մեկնարկից առաջ` ես ժամանեցի Նախիջեւան, որպեսզի հետաքննեմ Ջուղայում տեղի ունեցածը: Ես դեռ այն ժամանակ էի ասել, որ մշակութային հուշարձանների` մասնավորաբար գերեզմանատների պղծումը ողբերգություն է: Կովկասը բազմաթիվ մշակութային արժեքների հարենիք է` տարբեր կրոններ, ավանդույթներ ու արժեքներ ներկայացնող», - նշել է Բրայզան` հատուկ հիշեցնելով. - «Ես ակտիվորեն աշխատել եմ Թբիլիսիի հայկական եկեղեցիների պաշտպանության ուղղությամբ, շատ բան եմ արել Շուշիի եւ Աղդամի ադրբեջանական մզկիթների պահպանության ուղղությամբ»:

Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ Նախիջեւանի իշխանությունները Բրայզայի հետ մանրամասնորեն քննարկել են Ջուղայի խաչքարերի խնդիրը` խոստանալով, որ նրա այցը կկազմակերպվի առաջիկա ամիսներին:

Ուշագրավ է, որ Բրայզայի չհաջողված այցը Ջուղա համընկավ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հերթական փուլի հետ: Շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առանց որեւէ բացատրության չեղյալ է հայտարարել մայիսին կայանալիք համատեղ զորավարժությունները: Այսօր էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանական իշխանությունների հրահանգով գործունեությունն է դադարեցրել ամերիկյան ամենահայտնի ոչ կառավարական կազմակերպություններից մեկի` Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) Բաքվի գրասենյակը:

Ամերիկյան կազմակերպությունից բացի, ադրբեջանական իշխանությունները փակել են նաեւ նորվեգական Human Rights House Network կազմակերպության տեղական մասնաճյուղը: Ադրբեջանական իշխանություններն իրենց այս քայլը պատճառաբանում են հասարակական կազմակերպությունների մասին օրենքի դրույթների եւ արեւմտյան կառույցների գործողությունների միջեւ ի հայտ եկած հակասություններով:

Ազգային ժողվրդավարական ինստիտուտի գրասենյակը, որ Բաքվում գործում է 90-ականների կեսերից` դիտարկելով ընտրություններն ու դասընթացներ կազմակերպելով ընդդիմադիր կուսակցությունների անդամների համար, գրանցում չուներ: Դա էլ փակման պաշտոնական պատճառ է հանդիսացել: Ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչները, սակայն, նկատում են, որ 2006 թվականից ի վեր երեք անգամ դիմել են գրանցման խնդրանքով, բայց երեք անգամն էլ մերժում են ստացել:

Իսկ նորվեգական կազմակերպությունը Ադրբեջանի արդարադատության նախարարության կողմից գրանցվել էր դեռ 2007-ին: Այսօր, սակայն, իշխանությունները պնդում են, թե կազմակերպության Բաքվի գրասենյակը կարող է վերաբացվել միայն Նորվեգիայի եւ Ադրբեջանի միջեւ հատուկ համաձայնագրի կնքումից հետո:

Բաքվեցի վերլուծաբանների մեծ մասը համոզված է, որ արեւմտյան կազմակերպությունների դեմ այս նոր արշավի գլխավոր պատճառը կառավարության վախն է, որ արաբական աշխարհի հեղափոխական իրադարձությունները կարող են տեղափոխվել Ադրբեջան:

«Իշխանությունների նպատակն այս կամ այն կազմակերպությունը երկրից վտարելը չէ: Նրանց նպատակը այդ կազմակերպությունների դավանած արժեքները վտարելն է` ժողովրդավարությունը, ազատ եւ արդար ընտրությունները, մարդու իրավուքները», - EurasiaNet կայքին տված հարցազրույցում նշել է բաքվեցի քաղաքագետ Արաստուն Օրուջլուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG