Մատչելիության հղումներ

Նախկին վարչապետը կրկին քննադատում է կառավարությանը


Armenia -- Former prime minister Hrant Bagratian at a press conference in Yerevan, 24Feb2010
Armenia -- Former prime minister Hrant Bagratian at a press conference in Yerevan, 24Feb2010
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ` Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ըստ որոնց այս տարվա մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, տնտեսական ակտիվությունը կազմել է 0 տոկոս, ցույց են տալիս, որ կառավարության աշխատանքի արդյունավետությունն էլ 0 է:

«Տարին իզուր կորցրել են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատեց Բագրատյանը` շարունակելով. - «Դրանից մեկ օր առաջ վարչապետը հայտարարեց 7 բարեփոխումների փաթեթի մասին եւ ասաց, թե այդ ամենը վկայում է, որ ճիշտ ուղու վրա ենք եւ աստիճանաբար «երկիրը դուրս են բերում զարգացման կորի վրա»: Կարծես ապտակ նրա ասածին` մյուս օրը Վիճվարչությունը հայտարարում է 0 տոկոս»:

Նախկին վարչապետի համոզմամբ` այսօր արդեն աշխարհում տնտեսական ճգնաժամ չկա. - «Այս տարվա աշխարհի տնտեսական միջին աճը 4.6 տոկոս է: Դա վկայում է այն, ինչի մասին մենք ասում էին` մեր տնտեսական ճգնաժամի մեջ ավելի էականը մեր ներքին գործոններն են, ոչ թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը»:

Նա հիշեցրեց, որ 2008 թվականի տնտեսական ճգնաժամից հետո կառավարությունը շատ էր խոսում տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, որը պետք է նպաստեր հետագա տարիների տնտեսական աճին եւ հատկապես արտահանմանը: Բագրատյանը, սակայն, հայտարարեց, որ «ոչ մի դիվերսիֆիկացիա չկա». - «Մենք որեւէ տեղ չենք տեսնում առաջընթաց, չենք տեսնում մի ճյուղի ձեւավորում, որը մեր վաղվա օրը կապահովի»:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ` նշված 0 տոկոսը ցույց է տալիս, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանում չի ավարտվել:

«Մինչ այն պահը, երբ Հայաստանի կառավարությունը չկարողանա տարանջատել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունները եւ ներքին պրոբլեմները, մենք դոփելու ենք տեղում երկար ժամանակ: Այսինքն` երբ համաշխարհային տնտեսության մեջ նկատվում է տնտեսական ճգնաժամի արդեն մեղմացում եւ որոշ երկրներ դուրս են գալիս այդ կորից, Հայաստանը կարծես ավելի խորը զգում է, թե ինչ խնդիրներ ունի», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը Մանասերյանը:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը (ՀՀԿ) ԱՎԾ-ի հրապարակած տվյաներում հատկապես առանձնացրեց արդյունաբերության աճը` շուրջ 6 տոկոս, ինչը, ըստ նրա, վկայում է, որ արդյունաբերությունը շարունակում է իրականացնել լոկոմոտիվի իր դերը, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ կառավարության նախաձեռնած տնտեսության դիվերսիֆիկացիան ընթանում է հաջող կերպով:

Անդրադառնալով 0 տոկոս տնտեսական ակտիվությանը` Մինասյանը հակադարձեց կառավարության քննադատներին. - «Մինչեւ այժմ տվյալները, որ տպագրում է Վիճվարչությունը, հիմնված են 2009 թվականի ՀՆԱ-ի կառուցվածքի վրա, իսկ 2010 թվականի ընթացքում եւ հատկապես այս տարվա ընթացքում ՀՆԱ-ի կառուցվածքը էականորեն փոխվել է: Մասնավորապես, էականորեն ավելացել է արդյունաբերության մասնաբաժինը եւ էապես նվազել է շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում»:

Մինասյանի խոսքով` երբ պարզ դառնա 2010 թվականի եւ 2011 թվականի առաջին ամիսների ՀՆԱ-ի կառուցվածքը, ապա տնտեսական ակտիվության ցուցանիշը ավելի բարձր կլինի:

Մինասյանին ուրախացնում է նաեւ այն, որ արտահանման աճի տեմպը ավելի բարձր է, քան ներմուծման աճինը. - «[Արտահանման գծով] Մարտը մարտի նկատմամբ մենք ունենք 21.8 տոկոսի աճ, իսկ ներմուծումը աճել է ընդամենը 12 տոկոսով: Սա եւս խոսում է այն մասին, որ մեր արտադրանքը արտաքին շուկայում գնալով ավելի մեծ պահանջարկ է վայելում»:
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG