Մատչելիության հղումներ

Պատգամավորը համոզված է, որ «Տնտեսական մրցակցության մասին» նոր օրենքը կփոխի իրավիճակը


Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը համոզված է, որ «Տնտեսական մրցակցության մասին» վերջերս ընդունված օրենքը հիմնավորապես փոխելու է մրցակցության դաշտում ներկայումս առկա վիճակն ու մրցակցային անհամեմատ դրական միջավայր է ապահովելու տնտեսվարողների համար:

Չորեքշաբթի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է հարուցել կարագի եւ բուսական յուղի շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող «Ալեքս Գրիգ» ընկերության նկատմամբ, որը պատկանում է խոշոր գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն` մանրածախ առեւտրի կետերում կատարվող ամենօրյա դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում կարագի եւ բուսական յուղի շուկաներում նկատվում են գնային փոփոխություններ: Ընկերությունը, ըստ այդմ` օրենքով սահմանված ժամկետում հանձնաժողովին պետք է ներկայացնի տեղեկատվություն իր կողմից իրացվող կարագի եւ բուսական յուղի ձեռքբերման ու իրացման գների վերաբերյալ: 5-օրյա ժամկետում ընկերությունը պետք է ներկայացնի նաեւ թանկացման մասին հիմնավորումներ:

Հունվար ամսվա համեմատ` կարագը թանկացել է մոտ 500 դրամով` 1 կգ-ի դիմաց հասնելով մինչեւ 2700-2800 դրամի, բուսական յուղը նույն ժամանակահատվածում թանկացել է 150-200 դրամով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞րն է գերիշխող դիրքի չարաշահման հետ կապված խնդիրների սկզբունքային լուծումը եւ արդյոք ամեն ինչ, ըստ մի շարք գնահատումների, դարձյալ պետք է հանգի անհամարժեք տուգանքների կիրառմանը, Վարդան Այվազյանը պատասխանեց, թե նոր օրենքով ՏՄՊՊՀ-ին շատ լուրջ լծակներ են տրվել եւ խոսքը միայն տուգանքների չափի բարձրացման մասին չէ:

«Հիմա շատ ավելի կոպիտ եւ շատ ավելի պատժիչ է դառնալու [ՏՄՊՊՀ-ն]: Եթե միջազգային շուկայում չկա գների բարձրացում, եթե ծախսային առումով որեւէ բան չի բարձրացել, ցանկացած ապրանքատեսակի գնի բարձրացման պարագայում բարձրացված ողջ գումարը գանձվում է պետական բյուջե, իսկ նախկինում գանձվում էր շրջանառության երկու տոկոսը: Հիմա սեւը սպիտակի վրա Ազգային ժողովը գնաց այդ կոնցեպտուալ փոփոխությանը», - ասաց Այվազյանը:

Նշենք, որ գերիշխող դիրք է համարվում տվյալ ապրանքատեսակի շուկայում 1/3-ից ավելի ընդգրկվածությունը: «Ալեքս Գրիգ»-ը կարագի շուկայում զբաղեցնում է իրացման ծավալի ավելի քան 1/3-ը` 35.4 տոկոս մասնաբաժնով: Բուսական յուղի շուկայում այս ընկերության մասնաբաժինը 37.5 տոկոս է:

Ըստ Վարդան Այվազյանի` վերջին շաբաթներին կարագի եւ բուսական յուղի շուկաներում գների աճ չի արձանագրվել:

«Ավելին` համաշխարհային շուկան արձանագրում է պարենային ապրանքների գների իջեցում», - ասաց Այվազյանը:

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե «Ալեքս Գրիգ» ընկերությունից նախկինում գանձված տուգանքների չափերը (500 հազար դրամ կամ մի փոքր ավելի) էական ազդեցություն ունենալ չեն կարող:

«Որովհետեւ մենք գիտենք, որ ծավալները շատ մեծ են եւ տվյալ դեպքում այս ձեռնարկությունը մոնոպոլիստ է: 35 տոկոսը պաշտոնական է, իսկ իրականում մենք գիտենք, որ շուկայի ընդգրկումը ավելի շատ է: Այդ ծավալների համեմատ` 500 հազարը էական պատիժ չէ», - ասաց Պողոսյանը:

Արմեն Պողոսյանը եւս նոր օրենքի հետ որոշակի հույսեր է կապում: Նրա խոսքով` դրանում արդեն դիֆերենցված մոտեցում կա մեծ եւ փոքր ձեռնարկությունների նկատմամբ:

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` այս տարվա հունվար-մարտ ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած պարենային ապրանքների գնաճը կազմել է 16.7 տոկոս:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG