Մատչելիության հղումներ

Ակգյուն. «Հայաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը կփոխվի միայն իշխանափոխության դեպքում»


Թուրք փորձագետները համարում են, որ այսօր Հայաստանի հետ հարաբերությունների հարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից չէ:

Թուրքիայի գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի տնօրեն Մենսուր Ակգյունն ասում է, թե այսօր Թուրքիայի համար, օրինակ, Լիբիան ավելի կարեւոր է, քան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Ըստ նրա` առաջին պատճառը Թուրքիայում սպասվող խորհրդարանական ընտրություններն են, որոնք տեղի կունենան հունիսին, երկրորդ պատճառը` ղարաբաղյան հարցն է:

«Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո ակնհայտ դարձավ, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն անհնար է Թուրքիայի ներքին ընդդիմության, ինչպես նաեւ Ադրբեջանից եկող ճնշումների պատճառով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մենսուր Ակգյունը: - «Մենք հույս ունեինք, որ Ղարաբաղյան հարցում Մինսկի խումբը ինչ-որ բան կանի, բայց նրանք չկամեցան: Մենք նաեւ հույս ունեինք, որ Մադրիդյան նորացված սկզբունքների հարցում ինչ-որ առաջընթաց կլիներ, որը կգոհացներ Թուրքիային, սակայն դա եւս տեղի չունեցավ»:

Թուրք քաղաքագետը ընդգծեց, որ թուրքերը Ադրբեջանում միլիարդավոր դոլարների ներդրումներ ունեն, մինչդեռ Հայաստանում թուրքական բիզնեսի ծավալվելու հնարավորությունները մեծ չեն:

«Պետք է ռեալիստ լինել: Հայաստանում գուցե շատ թե քիչ թուրքական արտադրության սառնարաններ վաճառենք: Ոչ ավելին: Բայց եթե դուք ունենայիք նավթ կամ գազ, պատկերը բոլորովին այլ կլիներ: Ադրբեջանը մեզ համար կարեւոր երկիր է», - նշեց նա:

Հունիսին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են: Քաղաքագետ Մենսուր Ակգյունը համոզված է, որ Թուրքիայում Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը կփոխվի միայն իշխանափոխության դեպքում: Այլապես, ըստ քաղաքագետի, ինչպիսի ճնշում էլ գործադրեն Թուրքիայի վրա, թուրքերը չեն ընդունի, որ 1915 թվականին ցեղասպանություն է եղել:

Սակայն նա նաեւ նկատում է, որ Ցեղասպանության հարցում ինչ-որ բան տեղից շարժվել է:

«Հինգ տարի առաջ գրեթե անհնար էր Թուրքիայում օգտագործել Ցեղասպանություն բառը առանց չակերտների, այսօր ամեն ինչ փոխվել է: Մարդիկ կարող են ազատորեն խոսել ցեղասպանության մասին: Եվ այս փոփոխությունը լավ է ոչ միայն երկու երկրների հարաբերությունների համար, այլ նաեւ մեր երկրի ժողովրդավարացման համար», - նշեց թուրք քաղաքագետը:

Հիշեցնենք, որ 2009 թվականին Թուրքիայում կազմակերպվել էր 1915 թվականին տեղի ունեցած դեպքերը դատապարտող ստորագրահավաք, որին մասնակցել էր մոտ 50 հազար մարդ: Նրանք պատրաստակամություն էին հայտնել ներողություն խնդրել հայ ժողովրդից:

Քաղաքագետը համոզված է, որ այնուամենայնիվ մի օր բացվելու է հայ-թուրքական սահմանը:

«Ի վերջո` պատճառը նաեւ Թուրքիայի ներկա իշխանություններն են, որոնք 0 պրոբլեմ հարեւանների հետ քաղաքականություն են հայտարարել», - նշեց Թուրքիայի գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG