Մատչելիության հղումներ

Facebook-ի համայնքը հիասթափված է Բարաք Օբամայից


ԱՄՆ -- Նախագահ Բարաք Օբաման Facebook-ի կենտրոնակայանում զրուցում է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ, Փալո Ալթո, Սան Ֆրանցիսկո, 20-ը ապրիլի, 2011թ.
ԱՄՆ -- Նախագահ Բարաք Օբաման Facebook-ի կենտրոնակայանում զրուցում է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ, Փալո Ալթո, Սան Ֆրանցիսկո, 20-ը ապրիլի, 2011թ.

Անցած գիշեր ԱՄՆ-ի նախագահը մոլորակի ամենատարածված սոցիալական ցանցով անդրադարձել է պետական բյուջեի պակասորդին եւ հրատապ այլ հարցերին։

«Ես Բարաք Օբաման եմ, ես եմ այն տղան, որի պատճառով Մարկը ստիպված էր այսօր բաճկոնով եւ փողկապով ներկայանալ», - այդպես ժպտալով եւ կատակներ շռայլելով էր Երկիր մոլորակի գերտերության ղեկավարը սկսել իր հանդիպումը աշխարհի ամենատարածված սոցիալական ցանցի` Facebook-ի աշխատակիցների հետ:

Ընկերության կենտրոնակայանը Կալիֆորնիայում է` Փալո Ալթո ավանում: Մարկը, ով ատում է փողկապներն ու գերադասում է պարզ շապիկներ ու ջինսեր` Facebook-ի հիմնադիր, 26-ամյա միլիարդատեր Մարկ Ցուկերբերգն է:

Հանդիպման ընթացքում Օբաման նորից խոսել է Ամերիկայում բյուջեի աննախադեպ պակասուրդը մարելու նպատակով հարկային բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում` մեծահարուստների եկամուտներն առավել մեծ չափով հարկելու անհրաժեշտության մասին:

«Ես դրա հետ խնդիր չունեմ», - ասել է Ցուկերբերգը:

«Մարկ, ես գիտեմ, որ կոնկրետ դու դրա հետ խնդիր չունես», - արձագանքել է նախագահը` այդպես ակնարկելով, որ, այնուամենայնիվ, մեծահարուստների զգալի մասին նյարդայնացնում է մեծ հարկերի գաղափարը:

Նախագահը «արմատականներ» է անվանել այն հանրապետականներին, ովքեր բյուջեի դեֆիցիտը կրճատելու նպատակով առաջարկում են կրճատել տարեցների եւ թշվառների համար նախատեսված առողջապահական ծախսերը: Միաժամանակ, Բարաք Օբաման ասել է, որ շարունակելու է իր ընդդիմախոսների հետ քննարկումները:

«Կան մի շարք չափազանց հրատապ հարցեր: Դրանցից մի քանիսին անդրադարձել եմ: Հարկ է հավասարակշռված մոտեցումով հսկողության տակ առնել պակասուրդն ու պարտքը: Ցանկանում եմ, որ դա տեղի ունենա իմ նախագահության օրոք, չեմ ուզում, որ այդ բեռը ժառանգի հաջորդ նախագահը», - ասել է Օբաման:

Այսօր ամերիկյան եւ համաշխարհային մամուլը ակտիվորեն լուսաբանում է Բարաք Օբամայի հանդիպումը Facebook-ի անձնակազմի հետ: Մեկնաբանները նշում են, որ հանդիպումն ինքնին վկայում է առնվազն երկու իրողության մասին, առաջին` Ամերիկայի Միացյալ Նահանգներն աստիճանաբար թեւակոխում է նախագահական քարոզարշավի փուլ, երկրորդ` պետական այրերը գիտակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների կարեւորությունը:

Հանդիպումը հեռարձակվել է Facebook-ով: Ի դեպ, Օբաման այդ սոցիալական ցանցում իր էջն ունի:

Facebook-ի կենտրոնակայանում վիճակախաղով են որոշել նախագահին հարցեր ուղղելու աշխատակիցների ցանկը, ինչը օգտատերերից շատերին է հիասթափեցրել: Նրանք իրենց տրամադրությունները արտահայտել են Facebook-ում թողած գրառումներով:

Բայց մեծ թվով են եղել նաեւ այսպիսի մեկնաբանություններ` «վատ չէր, սակայն մի մեծ բան էլ չէր, հուսանք, մյուս հանդիպումն ավելի հետաքրքիր կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG