Մատչելիության հղումներ

Ռազմիկ Թարզերդյանի գլխավորած ռուսական կորպորացիան հիդրոկայան է կառուցելու Տանզանիայում


Ռուսական «Զարուբեժստրոյ» ընկերությունը, որի տնօրենների խորհրդի նախագահը հայազգի Ռազմիկ Թարզերդյանն է, 700 միլիոն դոլարով խոշոր հիդրոկայան է կառուցելու Տանզանիայում։ Այս մասին չորեքշաբթի օրը գրել է բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը:

Տանզանիան, ինչպես եւ Աֆրիկայի արեւելան մյուս երկրները, էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտ ունի:

Տեղական թերթերը գրում են, որ հիդրոկայանը նախատեսվում է կառուցել հինգ տարվա ընթացքում։ Այն կառուցվելու է երկրի հարավում` Ռումակալիում, Իրինգա շրջանում: Այս խոշոր հիդրոկայանը ապահովելու է Տանզանիայի հիդրոկայաններից ստացվող էներգիայի 20-25 տոկոսը:

Տանզանիայի մայրաքաղաք Դար էս-Սալամում ապրիլի
18-19-ը անցկացվել է Աֆրիկյան ներդրումների ֆորումի հերթական հանդիպումը, որի մասնակցել է նաեւ Ռազմիկ Թարզերդյանը:

Նա լրատվամիջոցներին ասել է, որ սկզբնական շրջանում 222 մեգավատտ էլեկտաէներգիան կմատակարարվի ուղղակիորեն երկրի էլեկտրացանցին, իսկ հետագայում ավելացնելով հզորությունները` մատակարարման ծավալները կհասցվեն առնվազն 464 մեգավատտի:

«Զարուբեժստրոյ»-ը նաեւ սարքավորումներ է արտադրում եւ ծառայություններ մատուցում աշխարհով մեկ: Ընկերությունը էլեկտրակայաններ ունի աֆրիկյան մի շարք երկրներում, այդ թվում Լիբիայում եւ Ուգանդայում:

Թարզերդյանն ասել է, որ սկսել են մի շարք ծրագրեր իրականացնել Եվրոպայում, Ասիայում եւ Ամերիկայում, ինչպես նաեւ հայրենի Ռուսաստանում:

Նա ասել է, թե այն բոլոր երկրներում, որտեղ «Զարուբեժստրոյ»-ը գործունեություն է ծավալում, ձգտում են նաեւ բարձրացնել տեղացիների կենսամակարդակը, սոցիալական ծրագրեր իրականացնել, մասնավորապես` դպրոցներ են կառուցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG