Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ընկերությունը «խախտում է Հայաստանի օրենսդրությունը»


Ապարների ջարդիչ-տեսակավորող համալիրի շինարարությունը Սոթքում:
Ապարների ջարդիչ-տեսակավորող համալիրի շինարարությունը Սոթքում:

Ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, ըստ «Էկոլուր» բնապահպանական կազմակերպության, «Տրանսպարենսի ինթերնեյշնլ»-ի եւ անկախ փորձագետների, Սոթքի ոսկու հանքավայրում Հայաստանի օրենքների խախտումով է կառուցում ապարների ջարդիչ-տեսակավորող համալիրը:

Նրանք պահանջում են ապամոնտաժել համալիրը եւ համարժեք պատժամիջոցներ կիրառել ռուսաստանյան ընկերության նկատմամբ:

Մի շարք բնապահպանական կազմակերպությունների` այսօր տարածած հայտարարության հեղինակները նշում են, որ համալիրը կառուցվում է «Սեւանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածի խախտմամբ:

Օրենքը, հիշեցնենք, արգելում է լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:

Սոթք գյուղի հազարից ավելի բնակիչների շրջանում համալիրի կառուցման դեմ ստորագրահավաք է սկսվել:

«Ես դեմ եմ: Ոսկու հանքը, ճիշտ է, ժողովրդի համար աշխատանքի տեղ է, բայց մարդու առողջությանն է վնաս, բնապահպանությանն է վնաս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գյուղի բնակիչներից մեկը` շարունակելով. - «Այդ նույն ջրով, ոռոգում ենք, նույն ջուրը անասունն է խմում, ու երկգլխանի հորթ է ծնվում ու միաչքանի գառ»:

Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանական վարչության գլխավոր մասնագետ Նշան Ստեփանյանը երեքշաբթի օրը Սոթքի գյուղապետարանում ասաց, թե «ռուսական ընկերությունն անթույլատրելի գործ է նախաձեռնել». - «Ոսկու հանքում եթե կառուցվում է նմանատիպ արտադրամաս, որը պետք է ջարդի այդ հանքանյութը, դա խստիվ արգելված է»:

«Էկոլուր»-ի ղեկավար Ինգա Զարաֆյանի խոսքով, հանքը պարունակում է թունավոր տարրեր. - «Սա արդեն կլինի մեռյալ գոտի»:

Բնապահպանները հիշեցնում են, որ երկու տարի առաջ մեծ աղմուկի շնորհիվ ի վերջո կասեցվեց ապարների մանրացման փորձը, իսկ հիմա ռուսաստանյան ընկերությունը «որոշել է նախապես ապահովագրվել բողոքներից` գաղտնի կառուցելով այդ համալիրը»:

Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը հաստատեց, որ հանքը շահագործողները չունեն շինարարության թույլտվություն:

Նման թույլտվության համար անհրաժեշտ է, որ նախ համապատասխան նախագիծը ներկայացվի բնապահպանական փորձաքննության, եւ ստանա դրական եզրակացություն:

Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Պեպանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ ընկերությունը փորձաքննության չի ներկայացրել համալիրի կառուցման նախագիծը:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան ներկայացրեց գրավոր պարզաբանում, որում նշված է, թե համալիրի հետ կապված «նախագծային եւ շինթույլտվության հարցերը կլուծվեն ժամանակին»:

Հարկ է նշել, որ շինարարությունը (առանց անհրաժեշտ փաստաթղթերի) սկսվել է փետրվարին:

Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան պնդեց, թե շինարարություն չի կատարվում:

Հիշեցնենք նաեւ, որ 5 ամիս առաջ Վերահսկիչ պալատը հայտարարել է, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը ապօրինի է շահագործել Սոթքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը, եւ կառավարությանը ներկայացրել էր հանքերը շահագործելու իրավունքի դադարեցման հարցերը քննարկելու առաջարկներ, որոնք Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը դեռեւս ուսումնասիրում է:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, հիշեցնենք, հերքում է Վերահսկիչ պալատի մեղադրանքները եւ հայտարարել էր, որ դիմելու է դատարան, ինչը, սակայն, առայժմ չի արել:
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG