Մատչելիության հղումներ

Բռնցքամարտիկը խորհուրդ է տալիս ազատվել սուտ ցուցմունք տվող ոստիկաններից


«Համակարգից շտապ հեռացնել սուտ ցուցմունք տվող ոստիկաններին»
please wait

No media source currently available

0:00 0:02:02 0:00

Դատարանի դահլիճից ապրիլի 20-ին ազատ արձակված հայտնի բռնցքամարտիկ, ընդդիմադիր ակտիվիստ Սամսոն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին խորհուրդ տվեց հնարավորինս շուտ համակարգից հեռացնել քաղաքացիների դեմ սուտ ցուցմունք

Դատարանի դահլիճից երեկ ազատ արձակված հայտնի բռնցքամարտիկ, ընդդիմադիր ակտիվիստ Սամսոն Խաչատրյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին խորհուրդ տվեց հնարավորինս շուտ համակարգից հեռացնել քաղաքացիների դեմ սուտ ցուցմունքներ տվող ոստիկաններին` վկայակոչելով սեփական օրինակը:

Սամսոն Խաչատրյանը պնդում է, որ ինքը այս տարվա մարտի 1-ի հանրահավաքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածել է քաղաքացիական հագուստներով 1 անձի: Այնուհետեւ պարզվել է, որ այդ անձը ոստիկան է` Կարեն Սարգսյանը: Բայց դատարանում որպես տուժող 2 ոստիկաններ էին ներկայացել. երկրորդը Էրեբունու ոստիկանապետի տեղակալ Միհրան Քեշիշյանն էր, ով պնդում էր, որ Խաչատրյանն իրեն հարվածել է: Իսկ ոստիկանի ցուցմունքները դատարանում հաստատեցին որպես վկա հարցաքննված 4 ոստիկաններ: Իրավապահները պնդում էին նաեւ, որ թեեւ իրենք քաղաքացիական հագուստներով են եղել, բայց ցուցարարներին ցույց են տվել ոստիկանական վկայականները, որեւէ անվայելուչ խոսք չեն ասել, որեւէ մեկի նկատմամբ բռնություն չեն գործադրել, փորձել են «ագրեսիվ զանգվածին բացատրել»:

Սամսոն Խաչատրյանը, մինչդեռ, հակառակն է պնդում. - «Սուտ էր: Նրանք պետք է այդ համակարգում չաշխատեն: Այդ համակարգը մաքրողը` Ալիկ Սարգսյանը, ասում է` բարեփոխումներ: Բարեփոխումը այդտեղից սկսեք, այդ սուտ ցուցմունք տվողներից»:

Իսկ մեկ անձին, ով բռնցքամարտիկի խոսքով, հետո պարզվեց, որ ոստիկան է, խփել է դաստիարակչական նպատակներով:

«Ես ես երկրում ունեմ 4 եղբոր գերեզմանոց, հորս գերեզմանոց: Ամենավերջին կեղտոտ հայհոյանքներով ինձ մոտենում են, հայր ու ցեղ են ինձ անպատվել: Ոնց որ արյունը գլուխս տար` ո՞նց, իմ սրբերին եք կպնում: Կամ աչքիս առաջ երեխայի են խփում», - պատմեց նա, - «Լավ, կանգնեմ գլուխս կախ, գնա՞մ»:

Սամսոն Խաչատրյանը ոստիկանապետին նաեւ խորհուրդ տվեց ոստիկանության համակարգի պաշտոնյա-օլիգարխներից ազատվել:

«Հա'մ միլիցիայում են, հա'մ օլիգարխ են, ու մի հատ էլ ելույթ են ունենում` ցավում են, որ մարզիկները այսպիսի բան են անում, ու ասում են` այսուհետեւ նման բան թույլ չենք տա: Դուք ո՞վ եք` ինձ թույլ տաք, կամ` չտաք: Ճիշտ հակառակը, դուք պետք իմ նման մարդկանց պաշտպանեք, ժողովրդին պաշտպանեք», - հայտարարեց նախկին բռնցքամարտիկը:

Խաչատրյանը չարձագանքեց «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե արդյո՞ք Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին նկատի ունի: Երեւանի ոստիկանապետը մարտի 25-ին հրավիրած մամուլի ասուլիսում նման հայտարարություններ էր արել:

Նախկին բռնցքամարտիկը միաժամանակ հայտարարեց, որ ինքը նեղացած չէ, շնորհակալ է իրեն աջակցած բոլոր կառույցներին, այդ թվում` Ազգային օլիմպիական կոմիտեին: Այդուհանդերձ, նա նշեց, որ նեղվել է Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի այն խոսքերից, թե ՀՀ նախագահին միջնորդելու է որ` «Սամսոն Խաչատրյանի նկատմամբ հնարավորության սահմաններում մեղմ մոտեցում լինի, որովհետեւ ամբողջ մարզաշխարհում նա սիրված, հարգված մարդ է: Բայց դա չի նշանակում, որ նման մեծ լումա, հեղինակություն ունեցող մարզիկները պետք է օրենքի խախտում թույլ տան»:

«Ծառուկյանը պարզապես պետք է ինքը հավատա մարզիկներին: Պետք է դուխով կանգնի ու ասի` մեր մարզիկը այդպիսի բան չէր կարող անել», - պարզաբանեց Սամսոն Խաչատրյանը: - «Կին ու երեխա են ծեծել աչքի առաջ: Աշխարհում եթե Օլիմպիական կոմիտեն կոչով է հանդես գալիս, պատերազմ են կանխում: Սա' է խնդիրը: Այս թեթեւ բանը շոու դարձրեցին: Ա՛յ մարդ, թարգեք», - ասաց նա:

Ինչ վերաբերում է իր դեմ ներկայացրած մեղադրանքներին` Սամսոն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ իրեն «ազատ խոսելու համար են կալանավորել»:

«Կալանավորել են «թունիսիլ տենք» արտահայտությանս համար, դատավորն էլ արդարացի որոշում կայացրեց ու ազատեց` ընդառաջելով ժողովրդի, տարբեր բնագավառներից իմ ընկերների ու կազմակերպությունների հորդորներին», - եզրափակեց Սամսոն Խաչատրյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG