Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Պետք է լուրջ մոտեցում ցուցաբերենք արձանագրությունների վավերացման գործընթացին»


Ահմեթ Դավութօղլու
Ահմեթ Դավութօղլու
Հայ - թուրքական արձանագրություններին, դրանց վավերացման գործընթացի լճացմանն է անդրադարձել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայաստանյան «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, թե այդ արձանագրությունների գործընթացը համապատասխանում էր Հարավային Կովկասում երկխոսության, փոխզիջումների ու խաղաղության մշակույթի զարգացմանն օգնելու Թուրքիայի նպատակներին:

«Սկզբից էլ մենք գիտեինք, որ դա դժվարին խնդիր է լինելու: Սակայն թե' Թուրքիան եւ թե' Հայաստանը ցուցաբերեցին համառություն, իմաստնություն եւ հեռատեսություն` ստորագրելով այդ արձանագրությունները Ցյուրիխում, միաժամանակ ստեղծելով պատմական հնարավորություն», - ասել է Դավութօղլուն:

«Մենք պետք է լուրջ մոտեցում ցուցաբերենք նաեւ երկու երկրներում արձանագրությունների վավերացման գործընթացներին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը` հավելելով. - «Թուրքիայի ժողովուրդն ու խորհրդարանն իրոք հետեւում են, թե ինչ է անում կամ ասում Հայաստանը: Հայաստանը կարող էր ավելի խաղաղ եւ դրական դիրքորոշում ցուցաբերել: Ընձեռված պատմական հնարավորությունից օգտվելու համար մենք պետք է ցուցաբերենք պետական գործերի կառավարման քաջություն եւ արվեստ: Մեղադրանքները ոչ մի նպատակի չեն կարող ծառայել` բացի այն, որ ձեռնտու կլինեն միայն նրանց, ովքեր սկզբից էլ դեմ էին հարաբերությունների նորմալացմանը եւ արձանագրություններին»:

Հարցին` արդյո՞ք վավերացման գործընթացը մեռած է համարում, Դավութօղլուն պատասխանել է. - «Նրանց համար, ովքեր ցանկանում են գործընթացն առաջ տանել, այն մեռած չէ, իսկ Թուրքիան դա է ցանկանում: Թուրքիան հուսով է նաեւ, որ Հայաստանը ձեռնպահ կմնա արձանագրությունների վավերացման գործընթացից հրաժարվելուց»:

Ցեղասպանության ճանաչման հարցին անդրադառնալով` Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե թուրքերն ու հայերը պետք է երկխոսության ճանապարհով անդրադառնան իրենց ընդհանուր պատմության հիվանդագին էջերին: «Դա այն ոլորտն է, երբ կարող են օգնել արձանագրությունները, երբ հնարավոր է երկխոսություններ սկսել պատմական թեմայով` իրականացնելով անկողմնակալ գիտական հետազոտություններ: Մենք կարող ենք հեռանալ անցյալն ընկալելու մեր հակասություններից եւ երկխոսության միջոցով սկսել, կամ պարզապես` հարգել զոհերի հիշատակը: Մանավանդ որ երրորդ երկրներում ոչ ճիշտ տեսակետներ են հաստատվում` հայկական տեսակետն ընդունելով որպես անվիճելի փաստ: Այդ շարժումը հաճախ ընդունում է հակաթուրքական բնույթ: Նման հեռանկարը հանդիսանում է զրոյական արդյունքով խաղ», - ասել է Դավութօղլուն:

Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության ռազմական սցենարի դեպքում` հաշվի առնելով, որ ռազմատենչ հայտարարություններն ավելացել են, իրավիճակը` լարվել, Դավութօղլուն պատասխանել է. - «Մենք մեր շեշտադրումներն ավելի շատ պետք է դնենք խաղաղ, այլ ոչ թե ռազմական սցենարների վրա: Մեր նպատակն այն է, որ Հարավային Կովկասում ստեղծենք բազմակողմանի եւ կայուն խաղաղության մթնոլորտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG