Մատչելիության հղումներ

Սերգո Կարապետյանի հավաստմամբ` «Արտֆուդ»-ը այլեւս պարտք չէ գյուղացիներին


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հավաստիացրեց, որ իր ղեկավարած` պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտֆուդ» ընկերությունը այլեւս պարտք չէ գյուղացիներին, եւ որ բոլոր գումարները արդեն վճարել են:

Մամուլը պարբերաբար անդրադառնում է այս թեմային` գրելով, որ գյուղացիները դժգոհում են, թե նախարարը դեռեւս անցած տարի մթերած պոմիդորի դիմաց գումարները չի տվել: Մամուլը գրել էր, որ անգամ Արարատի մարզում նախարարի հետ հանդիպման ժամանակ, երբ Սերգո Կարապետյանը հարցրել էր, թե ինչ խնդիրներ ունեն, գյուղացիները ասել էին. - «Մեր փողը տվեք, ուրիշ օգնություն պետք չէ»:

Նախարարը, մինչդեռ, հավաստիացնում է, որ պարտքերը ամբողջությամբ փակված են:

«Ոչ մի պարտք էլ չկա, ոչ մի պարտք չունենք` լրիվ փակված են պարտքերը, ուղղակի շահարկում են: Փակվել է, իհարկե փակվել է, վաղուց է փակվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սերգո Կարապետյանը:

Հարցին, թե որքա՞ն էր կազմում պարտքը, նախարարը արձագանքեց. - «Գիտեք, դա ընթացիկ պրոցես է, բոլորը չէ, որ մի օր գալիս են ստանալու գումարները: Հիմա կարող է նորից մարդ կա, որ չի գալիս ստանալու նույնիսկ երկու տարի առաջ իր հանձնած հումքի արժեքը: Դրանք մեծ գումարներ չեն, բայց ընդհանուր առմամբ պարտք չկա: Մարդիկ կան, որ ուղղակի չեն գալիս ստանալու` այդպիսի մարդիկ էլ կան: Սա մասսայական բնույթ չի կրում, բայց եթե այսօր նայես` զրո-զրո միշտ չի լինում, սա ընթացիկ գործարք է. ընդունում են հումք, վճարում են, հետո նորից պարտք են մնում, հետո նորից վճարում են»:

Կարապետյանի հավաստմամբ` այս պահին կարելի է արձանագրել, որ «Արտֆուդ»-ը այլեւս ոչ մի գյուղացու պարտք չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG