Մատչելիության հղումներ

Ըստ Զոհրաբյանի` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի «վետոն» կարելի է փոխել


Ռազմիկ Զոհրաբյան
Ռազմիկ Զոհրաբյան
Իշխող կուսակցության փոխնախագահի կարծիքով, կառավարության կողմից կատարվող քայլերը կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան փոխի իր տեսակետը եւ շարունակի օգնություն տրամադրել Հայաստանին:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը ուրբաթ օրը ասել էր, որ Հայաստանը այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի ֆինանսավորման համար, քանի որ ընտրությունների, լավ կառավարման եւ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:

«Լրիվ համաձայն չեմ ԱՄՆ դեսպանի հետ, բայց մասամբ համաձայն եմ, որ իսկապես թերություններ 2 տարի առաջ ավելի շատ էին, քան հիմա, եւ մենք գնում ենք այդ ուղիով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը այսպիսի կարծիք հայտնեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ու հավելեց. - «Կարծում եմ` մոտ ժամանակներս կարելի է այդ վետոն փոխել «Հազարամյակի մարտահրավերի» վերաբերյալ եւ Հայաստանին նաեւ ցույց տալ այդ օգնությունը»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Հայաստանի իշխանությունները ի՞նչ քայլեր են նախատեսում անել, որոնք կհանգեցնեն ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխմանը` Զոհրաբյանn ասաց. - «Կալանավորների հարցում` 99 տոկոսը ազատված են: Այնտեղ մեկ-երկու տոկոսն են մնացել, երբ լրանա պայմանական ժամկետը, կարծում եմ իրենց էլ կթողնեն: Հատուկ ինչ-որ կոնկրետ անձինք չկան մատնացույց արված, որ իբր` նրանց չպետք է ազատեն»:

Ինչ վերաբերում է մյուս խնդիրներին` մարդու իրավունքներ, ընդդիմության հետ երկխոսություն, Հանրապետականի փոխնախագահը կարծիք հայտնեց, որ այդ գործընթացը սկսված եւ տեսանելի է:

«Տեսնում եք իշխանությունների վերաբերմունքը ընդդիմության վերջին հանրահավաքներին», - մատնանշեց Ռազմիկ Զոհրաբյանը:

Իշխող կուսակցության փոխնախագահը հավելեց, որ ի տարբերություն այլ նախկին խորհրդային երկրների, օրինակ` Ղազախստանի, Հայաստանում նախագահական ընտրություններում հաղթող թեկնածուները սովորաբար ստանում են 52-54 տոկոս ձայներ, բացի առաջին նախագահի 83 տոկոսից, ինչը Զոհրաբյանի կարծիքով` «Խորհրդայինից անցում էր` ազդեցությունը կար»:

Անդրադառնալով «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտմանը` Ռազմիկ Զոհրաբյանը ընդգծեց, որ Հայաստանի ավելի հզոր երկրներում կան չբացահայտված սպանություններ, այդ թվում` ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդիի սպանությունը: Նա նաեւ ընդդիմությանը կոչ արեց իրենց ձեռքի տակ եղած փաստերը չթաքցնել, եւ կարծիք հայտնեց, որ հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով հարկավոր է հարցաքննել այն նախկին պաշտոնյաներին, ովքեր մինչեւ հիմա ցուցմունքներ չեն տվել մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ, այդ թվում` հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահներին:

Նախօրեին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել, որտեղ ասված է, որ «վերջին մի քանի օրերին իշխանությունների պատճառով միջազգային հանրության կողմից Հայաստանին երեք հարված է հասցվել է` վերջնականապես դադարեցվել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանի ֆինանսավորումը, ԱՄՆ Պետդեպարտամենտը 2010-ի «Մարդու իրավունքների զեկույցում» ողջ միջազգային հանրության առջեւ Հայաստանը ներկայացրել է որպես մի բռնապետություն եւ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ որպես ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառներ առանձնացրել են Մարտի 1-ի սպանությունների բացահայտված չլինելը, քաղբանտարկյալների առկայությունը, քննադատել են ՀՌԱՀ-ի գործունեությունը, որի պատճառով խախտվում է ազատ խոսքի եւ տեղեկատվություն ստանալու իրավունքը»։

«Շատ խնդիրներ կարելի է ուղղակի ժամերի ընթացքում լուծել: Մասնավորապես` քաղբանտարկյալների հարցը, «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտումը ձեռնարկելը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Մենք այս պահանջները նույնպես դրել ենք: Կսպասենք մինչեւ ապրիլի 28-ը, կտեսնենք, որ այդ ուղղությամբ իշխանությունը ռեալ քայլեր է ձեռնարկում, կընդունենք մեկ որոշում, կտեսնենք, որ որեւէ քայլ չի ձեռնարկում` կընդունենք այլ որոշում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG