Մատչելիության հղումներ

Բեդրի Բայքամ. «Միեւնույն է` Կարսի ակցիան կայանալու է»


Թուրքիա - Նկարիչ Բեդրի Բայքամ
Թուրքիա - Նկարիչ Բեդրի Բայքամ
Հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա պլանավորելու գործով հանդիպումից անմիջապես հետո Ստամբուլում երկուշաբթի օրը հարձակման է ենթարկվել հայտնի թուրք նկարիչ Բեդրի Բայքամը:

Հարձակումը տեղի է ունեցել օրը ցերեկով, նկարչին սուր կտրող գործիքով վիրավորել են: Hurriyet Daily News թերթը գրում է, որ հարձակումից վայրկյաններ անց կատարված տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է նկարիչը օգնություն կանչում։ Նկարիչը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:

Հարձակումից վիրավորվել է նաեւ «Պիրամիդա» գեղարվեստի սրահի աշխատակից Թուղբա Քուրթուլմուշը:

Ստամբուլի ոստիկանապետ Հուսեյն Չարկին հիվանդանոցում այցելել է Բայքամին։ Ոստիկանապետի փոխանցմամբ` երկու վիրավորների վիճակը լավ է։ Նա ասել է, թե ոստիկանությունը անհրաժեշտ ողջ ինֆորմացիան ունի հանցագործին բացահայտելու համար:

Թուրքական մի շարք պարբերականներ երեքշաբթի օրը հաղորդեցին, որ Բայքամի վրա հարձակում գործած անձը երեկոյան հանձնվել է ոստիկանությանը: Նույն աղբյուրների վկայությամբ` 35-ամյա Մեհմեթ Չելիքելը իր արարքը այսպես է բացատրել. - «Նա վիրավորեց ինձ, այդ պատճառով ես նրան դանակահարեցի»:

Ըստ Hurriyet-ի փոխանցած մանրամասների` Ստամբուլում կայացած հանդիպման ավարտին Չելիքելը ցանկություն է հայտնել զրուցել Բայքամի հետ, սակայն վերջինիս օգնական Թուղբա Քուրթուլմուշը ասել է, որ իրենք ժամանակ չունեն: Դրան հաջորդել է Չելիքելի կողմից նախ Քուրթուլմուշի, ապա` Բայքամի դանակահարումը, ինչից հետո երիտասարդը զանգահարել է ընկերոջը եւ հայտնել տեղի ունեցածի մասին:

Թուրքական լրատվամիջոցները, այդուհանդերձ, չեն բացառում, որ հարձակումը կարող է կապված լինել հայ - թուրքական բարեկամությունը
Հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող կիսակառույց հուշարձանը Կարսում` մինչ ապամոնտաժման աշխատանքները
խորհրդանշող արձանի ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա կազմակերպելու գործում Բայքամի մասնակցության հետ:

Այս միջադեպից մեկ օր առաջ Կարսում սկսվել էին արձանը ապամոնտաժելու աշխատանքները: Սա նույն այն արձանն է, որը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «անճոռնի» էր բնորոշել: Արձանը քանդելու համար հատուկ տեխնիկա է բերվել Ստամբուլից, որի օգնությամբ մեծ, ծանր արձանը բաժանվելու է կտորների:

Ապրիլի 7-ին Radikal թերթի հարցազրույցում Կարսի քաղաքապետն ասել էր, որ եթե դրա քանդակագործ Մեհմեթ Աքսոյը ցանկանա հետ ստանալ արձանի մասերը, ապա իրենք պատրաստ են մասերը վերադարձնել նրան:

Արձանը քանդելու համար մրցույթ էր հայտարարվել: Մրցույթում հաղթած ընկերությունը քանդելու աշխատանքները կատարում է 272 հազար թուրքական լիրայով:

Բեդրի Բայքամը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենց համար շատ կարեւոր է հայ - թուրքական երկխոսությունը, Կարսի հուշարձանը կարծես միակ խորհրդանիշն է հնարավոր երկխոսության, եւ իրենք` մի խումբ արվեստագետներ, որոնց միացել են որոշ հասարակական կազմակերպություններ, պայքարում են այդ հուշարձանը պահպանելու համար:

Նկարիչը մանրամասնեց, որ նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած խորհրդակցությունը, որին հաջորդել էր հարձակումը, նվիրված էր Կարսում ապրիլի 23-ին նախատեսված բողոքի ակցիային:

Բայքամը հավաստիացրեց, որ այնուամենայնիվ` նույնիսկ այս միջադեպից հետո, իրենք այդ ակցիան կանցկացնեն Կարսում:

Բեդրի Բայքամի եւ Թուղբա Քուրթուլմուշի վիճակը ներկայումս բժիշկները գնահատում են լավ, սակայն նրանք դեռեւս գտնվում են հիվանդանոցում` ոստիկանների հսկողության ներքո: Այդ իսկ պատճառով, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին Ստամբուլում առայժմ չի հաջողվել հանդիպել նրանց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG