Մատչելիության հղումներ

Կոնգրեսականները կոչ են անում Պետդեպարտամենտի կայքում հիշատակել Հայոց ցեղասպանությունը


Ամերիկացի կոնգրեսականներ` հանրապետական Ռոբերտ Դոլդը եւ դեմոկրատ Ջիմ Կոստան համատեղ նամակ են հղել պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, կոչ անելով ապահովել Պետդեպարտամենտի կայքում զետեղված` Հայաստանի եւ Թուրքիայի պատմությանը վերաբերող տեքստերում Հայոց ցեղասպանության ընդգրկումը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ` ապրիլի 15-ի իրենց նամակում կոնգրեսականները ընդգծում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի պատմությանը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության կայքի անդրադարձներում «որեւէ հիշատակում չկա մեկեւկես միլիոն հայերի մասին, որոնք, հենց նախագահ Օբամայի` անցած տարի արտասանած խոսքերով, Օսմանյան կայսրության մայրամուտի օրերին կոտորվել են կամ իրենց մահը գտել տեղահանության ճանապարհին»: Հայ եւ թուրք ժողովուրդների պատմության նման կարեւորագույն իրադարձությունը չհիշատակելը, Դոլդի եւ Կոստայի համոզմամբ, ոչ միայն լուրջ բացթողում է պատմական տեսանկյունից, այլեւ «վիրավորական է 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում սպանվածների հիշատակի համար»:

Կոնգրեսականները շեշտում են, որ միտումնավոր կերպով խուսափելով որեւէ ցեղասպանության հիշատակումից եւ դատապարտումից` Միացյալ Նահանգները վտանգում է «անցյալի վայրագությունների դասերը արդյունավետորեն կիրառելով ապագա ցեղասպանությունները կանխելու» իր կարողությունը:

Դոլդը եւ Կոստան պետքարտուղարին հորդորում են նաեւ «աշխատել նախագահ Օբամայի հետ` ապահովելու, որպեսզի իր ապրիլքսանչորսյան ուղերձում նա կատարի Հայեց ցեղասպանությունը որպես ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է հայամետ կոնգրեսականների նախաձեռնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG