Մատչելիության հղումներ

Թուրք հայտնի նկարիչը հարձակման է ենթարկվել


Թուրքիա -- Հայտնի նկարիչ Բեդրի Բայքամը
Թուրքիա -- Հայտնի նկարիչ Բեդրի Բայքամը
Հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա պլանավորելու գործով հանդիպումից անմիջապես հետո Ստամբուլում երկուշաբթի օրը հարձակման է ենթարկվել հայտնի թուրք նկարիչ Բեդրի Բայքամը:

Հարձակումը տեղի է ունեցել օրը ցերեկով, նկարչին սուր կտրող գործիքով վիրավորել են։ Hurriyet Daily News թերթը գրում է, որ հարձակումից վայրկյաններ անց կատարված տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է նկարիչը օգնություն կանչում։ Նկարիչը տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:

Անհայտ մարդու հարձակումից վիրավորվել է նաեւ «Պիրամիդա» գեղարվեստի սրահի աշխատակից Թուղբա Քուրթուլմուշը:

Ստամբուլի ոստիկանապետ Հուսեյին Չարկին հիվանդանոցում այցելել է Բայքամին։ Ոստիկանապետի փոխանցմամբ` երկու վիրավորների վիճակը լավ է։ Նա ասել է, թե ոստիկանությունը անհրաժեշտ ողջ ինֆորմացիան ունի հանցագործին բացահայտելու համար:

Թեեւ հստակ փաստեր առայժմ չկան, թուրքական լրատվամիջոցները չեն բացառում, որ հարձակումը կարող է կապված լինել հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանի ապամոնտաժման դեմ բողոքի ակցիա կազմակերպելու գործում Բայքամի մասնակցության հետ:

Այս միջադեպից մեկ օր առաջ Կարսում սկսվել էին արձանը ապամոնտաժելու աշխատանքները: Սա նույն այն արձանն է, որը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «անճոռնի» էր բնորոշել: Արձանը քանդելու համար հատուկ տեխնիկա է բերվել Ստամբուլից, որի օգնությամբ մեծ, ծանր արձանը բաժանվելու է կտորների:

Ապրիլի 7-ին Radikal թերթի հարցազրույցում Կարսի քաղաքապետն ասել էր, որ եթե դրա քանդակագործ Մեհմեթ Աքսոյը ցանկանա հետ ստանալ արձանի մասերը, ապա իրենք պատրաստ են մասերը վերադարձնել նրան:

Արձանը քանդելու համար մրցույթ էր հայտարարվել: Մրցույթում հաղթած ընկերությունը քանդելու աշխատանքները կատարում է 272 հազար թուրքական լիրայով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG