Մատչելիության հղումներ

Կարապետ Ռուբինյանը հեռացել է ՀԱԿ-ից


Կարապետ Ռուբինյան
Կարապետ Ռուբինյան
Հայաստանի նախագահի վերջին ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Կարապետ Ռուբինյանն ուրբաթ օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով հայտարարել է, որ դուրս է գալիս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ):

Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի անդամ Կարապետ Ռուբինյանը իր որոշման պատճառների մասին հայտարարությունում ասել է հետեւյալը. - «Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս: Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը, այլեւս անհնարին ու իմաստազուրկ են դարձնում այդ վերջին կամրջի պահպանումը»:

Ռուբինյանը այլ մեկնաբանություններ չի անում` ասելով, թե «Ֆեյսբուք»-ի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչն է դրդել Ռուբինյանին նման հայտարարությամբ հանդես գալ, ասաց թե տեղյակ չէ` ինչի մասին է խոսքը:

Հարցին, թե ՀԱԿ-ի ներսում ինչպիսի՞ վերաբերմունք կա Ռուբինյանի նկատմամբ, Զուրաբյանը պետասխանեց. - «Որեւէ քննարկման, որին ես մասնակցում եմ, իսկ ես մասնակցում եմ քաղխորհրդի, կենտրոնական շտաբի, բազմաթիվ այլ ձեւաչափերով քննարկումների, նրա անունը ընդհանրապես չի հնչել, եւ ես իսկապես զարմացած եմ, թե ինչի շուրջ է այս աղմուկը: Ես մի բան կարող եմ փաստել եւ վստահ եմ, որ մեր բոլոր 18 գործընկեր կուսակցությունները, որոնք կազմում են ՀԱԿ-ը, եւս կփաստեն դա, որ ՀԱԿ-ում տիրում է բացառիկ դեմոկրատական, առողջ մթնոլորտ, որում մենք քննարկում ենք բոլոր առաջարկները: Ինչքան էլ որ հակասություններ կամ տարաձայնություններ լինեն, ի վերջո կոնսենսուսով լուծում ենք բոլոր հարցերը: Բավականին լուրջ բանավեճ է ծավալվում, շատ հաճախ բավականին տաք բանավեճ, բայց ես դա շատ նորմալ եմ համարում»:

Հիշեցնենք, որ Կարապետ Ռուբինյանը 9 ամիս առաջ էլ նույն կերպ` «Ֆեյսբուք»-ի միջոցով էր տեղեկացրել, որ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության համագումարից հետո վարչության անդամների ընտրությունները կեղծվել են, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերահսկողության տակ է առել համագումարի գործընթացները: Մի քանի օր անց Ռուբինյանը հրապարակավ ներողություն էր խնդրել Լեւոն Տեր-Պետրոսյանից, իսկ ՀՀՇ-ից դուրս գալու մասին մասին ասել էր, թե «ողբերգական ոչինչ էլ չկա»:

please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG