Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը ավելի խիստ է լինելու


Ոստիկանապետ Ալիկ Սարգսյան
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյան
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը որոշել է փոխել իր մեղմ վերաբերմունքը եւ ավելի խիստ լինել համակարգում առկա խնդիրների նկատմամբ:

Այս որոշումը ոստիկանապետը կայացրել է Ոստիկանությունում նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մարտի 14-ին կայացած կոլեգիայի նիստից հետո: Այս նիստում նախագահը, ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությունները մատնանշող մի քանի օրինակ բերելով, ասել էր, թե ինքը ամաչում է ոստիկանների փոխարեն:

«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ես էլ պետք է մոտեցումս փոխեմ: Այսուհետեւ աշխատանքից ազատումներ, հեռացումներ, պատժի տարբեր միջոցների կիրառումներ, ինչո՞ւ չէ, եթե քրեորեն պատժելի արարք է թույլ տվել, արդեն չեմ խորշում, ինքս արագ ստորագրում, ուղարկում եմ Հատուկ քննչական ծառայություն: Թո'ղ մարդիկ պատասխան տան քննության առաջ, թո'ղ մարդիկ հասկանան, որ անպատժելիությունը ոստիկանությունում այլեւս անընդունելի է», - հայտարարեց ոստիկանապետը` կառավարության հինգշաբթի օրվա նիստից հետո, լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Ոստիկանապետը վստահեցրեց, որ այսուհետեւ ինքը չի խնայի հանցագործություն կատարած որեւէ ոստիկանի: Այդուհանդերձ, ըստ Ալիկ Սարգսյանի, փոփոխությունները չպետք է վերաբերեն միայն ոստիկանության համակարգին, եւ ոստիկանին կաշառք տվող քաղաքացին եւս պետք է գիտակցի, որ քրեորեն պատժելի հանցանք է կատարում:

«Ես չեմ ուզում ոստիկանները ամեն անգամ հայտնվեն այդ վիճակում, գաղտնիք չէ, որ սոցիալական խնդիրներ ունեն այսօր նույն ոստիկանները: Հիմա մենք կստեղծենք հստակ պայմաններ: Արդեն տեսնում եք ինչ է կատարվում. շատերը ամենամանր 10-15 հազարի համար գնում են քրեական պատասխանատվության», - մանրամասնեց ոստիկանապետը` ու խոստացավ. - «Ինքնամաքրման պրոցեսը մեր մեջ արդեն սկսվել է, հիմա ավելի կակտիվանա: Մերոնք էլ դրանից ելնելով ավելի ուշադիր կլինեն մյուս ոլորտների նկատմամբ: Թող մյուսներն էլ մաքրվեն, արագ-արագ հասնեն մեզ»:

Ալիկ Սարգսյանը հաստատեց, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք է տվել նաեւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:

«Արաբկիրի չարաբաստիկ գործի շրջանակներում ինչպես շատերը, Ներսես Նազարյանը նույնպես հարցաքննվել է, բայց գործի մեջ որեւիցե առանձնահատուկ բան չկա, եւ այս աղմուկ-աղաղակը իզուր է, եւ դրա կարիքը չկա», - ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով իր եւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի միջեւ գոյություն ունեցող լարված հարաբերությունների մասին տեղեկություններին` ոստիկանապետը հայտարարեց, թե իրենց միջեւ այժմ խնդիրներ չկան: Ինքը Երեւանի ոստիկանապետին դիտողություն է արել, իր ձեւակերպմամբ, չարաբաստիկ ասուլիսում հնչեցրած հայտարարությունների համար, Նազարյանն էլ ընդունել է թույլ տված սխալը:

Մարտի վերջին կայացած ասուլիսում Նազարյանը պնդել էր, թե Ազատության հրապարակի հետ կապված գործողություններում ոստիկանությունը գործել է իր որոշումների հիման վրա` այդ կերպ ընդգծելով ոստիկանության համակարգում իր ունեցած դիրքը, իսկ ավելի ուշ` նաեւ ակնարկել ոստիկանապետ դառնալու իր հավակնությունների մասին:

«Նա իմ ենթական է, նաեւ ղեկավարում է Երեւան քաղաքի կայազորը, վարչության պետն է: Նա իմ հանձնարարությունները կատարում է առանց քննարկման: Ինչ վերաբերում է ոստիկանապետի պաշտոնին, ո'չ ես, ո'չ էլ պարոն Նազարյանն ենք դա որոշում: Մեր երկրում դա որոշում է հանրապետության նախագահը: Նախագահն է ինձ նշանակել, նա էլ մի օր կորոշի, որ ես այլեւս չեմ աշխատելու: Այդ ժամանակ Նազարյանը կլինի, թե ով կլինի` դա ճիշտն ասած, ինձ այդքան էլ չի հետաքրքրում: Այս պաշտոնին շատ հավակնողներ կան, որոնք հույսեր են փայփայում, երազում են, մտածում եմ, բայց ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում, ավելին` հիմա հումորով եմ վերաբերվում», - ասաց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG