Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը քննադատում է Ադրբեջանին եւ Թուրքիային


Սլովենիա - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լյուբլյանայում կայացած ասուլիսի ժամանակ, 13-ը ապրիլի, 2011թ.
Սլովենիա - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լյուբլյանայում կայացած ասուլիսի ժամանակ, 13-ը ապրիլի, 2011թ.
Լյուբլյանայում Սլովենիայի նախագահի հետ մամուլի համատեղ ասուլիսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը անդրադարձել է Հարավային Կովկասում առկա խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերին ու մոտեցումներին։

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, օրինակ բերելով Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Սլովենիայի ու Խորվաթիայի միջեւ հակասությունների հաղթահարումը, Սերժ Սարգսյանն ասել է. - «Ցավոք, մեր տարածաշրջանում իրադրությունը մի փոքր այլ է։ Եվրաինտեգրման ուղին, փաստորեն, ոչ բոլորի պատկերացմամբ է համընկնում խաղաղ, բարեկեցիկ, ազատ ու անվտանգ զարգացման հետ։ Մեր անմիջական հարեւանը թյուր ըմբռնեց եվրոպական ուղին՝ եվրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպես նավթի ու գազի համար հարմար շուկա։ Հիրավի զավեշտական է, երբ եվրոպական ուղին որդեգրած մեր հարեւանը սպառնում է հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, ամենօրյա ռազմատենչ քարոզչություն է իրականացնում եւ սպառնում ղարաբաղյան հարցը լուծել պատերազմով»։

«Մեր մյուս հարեւանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեեւ միջազգային պարտավորություն է ստանձնել։ Արդյո՞ք անտեղյակ են մեր հարեւանները, որ Եվրոպայի արժեհամակարգի առանցքն ազատ տեղաշարժն է», - ընդգծել է Հայաստանի նախագահը:

«Այս ամենով հանդերձ՝ տարածաշրջանային եւ ոչ մի զարգացում ի զորու չէ հետ պահել մեզ մեր ընտրած ուղուց։ Հայաստանը հաստատակամ է ընդլայնել համագործակցությունը Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, հատկապես` Արեւելյան գործընկերության շրջանակներում», - վստահեցրել է Սերժ Սարգսյանը։

Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը իր խոսքում նշել է. - «Սլովենիան սատարում է Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, որը հակամարտութուններից ամենաերկարատեւներից է Եվրոպայում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG