Մատչելիության հղումներ

Միջազգային փորձագետները Հայաստանում ՏՏ ոլորտում էական առաջընթաց չեն արձանագրում


Թեեւ արդեն շուրջ տասը տարի է` Հայաստանի կառավարությունը գերակա ճյուղ է հայտարարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, այդուամենայնիվ, միջազգային փորձագետներն այս ոլորտում էական առաջընթաց չեն արձանագրում: Համենայնդեպս, ինչպես փաստում է Համաշխարհային տնտեսական համաժողովի` չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցը, 2010-ին Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրավել է 109-րդ հորիզոնականը` աշխարհի 138 երկրների շարքում:

Այս առումով նախկին Խորհրդային Միության տարածքում Հայաստանից ավելի վատ արդյունք արձանագրել են միայն Ղազախստանն ու Տաջիկստանը:

Ուսումասիրության հիմքում, հեղինակավոր փորձագետները դիտարկել են մի շարք ցուցանիշներ` տնտեսական-քաղաքական միջավայրից մինչեւ ինտերնետի արագությունը, գինն ու համակարգիչների տարածվածությունը դպրոցներում:

«Մենք գնահատում ենք իրավիճակը երեք հիմնական ուղղություններով», - ասում է Համաշխարհային տնտեսական համաժողովի` տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության բաժնի ղեկավար Ալան Մարկուսը եւ մանրամասնում. - «Առաջինը միջավայրն է, որը ցույց է տալիս, թե ինչպիսին է տվյալ երկրի քաղաքական ու օրենսդրական դաշտը, ենթակառուցվածքը, երկրորդը` թե որքանով են պատրաստ կառավարությունը, գործարարներն ու անհատները օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից, եւ, ի վերջո, երրորդը` որքանով են նրանք իրականում գործի դնում այդ պատրաստակամությունը»:

Ըստ այդմ, միջազգային փորձագետների հավաստմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար Հոնդուրասում, Գանայում եւ Մոզամբիկում միջավայրն ավելի բարենպաստ է, քան Հայաստանում:

Հայաստանը, մասնավորապես, ցուցակի վերջին հորիզոնականներում է ինտերնետի թողունակության` արագության ցուցանիշով: Թերզարգացած է նաեւ բջջային կապը. հասանելիության առումով Հայաստանը ցուցակի ետնապահ շարքերում է` 97-րդ հորիզոնականում, մինչդեռ Վրաստանն ու Ադրբեջանը շատ ավելի բարենպաստ դիրքերում են` 40-46-րդ հորիզոնականներում:

Ուսոմնասիրության համաձայն, Հայաստանը հարեւաններին զիջում է նաեւ մի շարք այլ ցուցանիշներով` ինտերնետից օգտվողների թվով, դպրոցներում առկա համակարգիչներով ու կառավարության տրամադրած օնլայն ծառայությունների ինդեքսով:

Ընդհանուր առմամբ, համաշխարհային ցուցակը գլխավորում են Շվեդիան, Սինգապուրն ու Ֆինլանդիան:

«Սա շատ կարեւոր ուսումնասիրություն է, որը ցույց է տալիս, թե ինչ հաջողությունների կարող են հասնել այն երկրները, որտեղ կառավարությունները հետեւողական ջանքեր են գործադրում եւ ներդրումներ անում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ», - ասում է զեկույցի հեղինակ Ալան Մարկուսը եւ մանրամասնում. - «Վերջին տասը տարիների ընթացքում Սինգապուրը ամեն տարի էականորեն բարելավում էր դիրքերը, ինչը այդ երկրի կառավարության ընդունած հաստատակամ որոշման արդյունքն է: Կառավարություն, որը որոշել է ներդրումներ անել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում եւ հիմնավորապես օգնել, որպեսզի երկիրը վերածվի 21-րդ դարի ինտելեկտուալ կղզյակի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG