Մատչելիության հղումներ

Վարչապետը «հանգիստ» է վերաբերվում իր հրաժարականի մասին լուրերին


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանգիստ է վերաբերվում իր հրաժարականի եւ վարչապետի պաշտոնում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակման մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին:

«Ոչ մի վարչապետ չի խուսափել այդպիսի հարցադրումներից», - չորեքշաբթի օրը Ազգային ժողովում լրագրողներին ասաց Տիգրան Սարգսյանը` շարունակելով. - «Դրան պետք է շատ հանգիստ վերաբերվենք»:

Դիտարկմանը, թե իշխանական կուսակցության խմբակցության պատգամավորները վերջերս հայտարարություններ են արել, թե ընդդիմության հանրահավաքներին մասնակցության ակտիվությունը պայմանավորված է սոցիալական խնդիրներով, վարչապետը արձագանքեց. - «Իհարկե, մեր թիմում էլ կան մարդիկ, որոնք քննադատում են կառավարությանը, ինչպես նաեւ ընդդիմության շարքում կան մարդիկ, որոնք մեզ աջակցում են: Եվ դա բնական գործընթաց է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, ի վերջո, սոցիալական խնդիր կա՞ն, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. - «Ո՞նց չկան: Ոչ թե կան, այլ բազմաթիվ են: Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի կառավարության համար մեկ ծրագիրը եղել է աղքատության հաղթահարման ծրագիրը»:

Հայաստանի արժույթի արժեզրկմանը եւ երկրի տնտեսության հետագա զարգացմանը վերաբերող` «Ազատություն» ռադիոկայանի հարցին Տիգրան Սարգսյանը արձագանքեց. - «Շուկան է որոշում, թե ինչպիսին է լինելու փոխարժեքը: Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, իսկ փոխարժեքի դեպքում` անթույլատրելի: Այն տատանումները, որ դիտարկում ենք, դրանք չափավոր, նորմալ, շուկայական տնտեսությանը բնորոշ տատանումներ են: Կարծում եմ, որ Կենտրոնական բանկը ի վիճակի է զերծ պահել մեր շուկան ցնցումներից»:

Իսկ հարցին, թե արդյոք վայրիվերումները ֆինանսական շուկայում չեն վկայում տնտեսության անմխիթար վիճակի մասին, Տիգրան Սարգսյանը արձագանքեց. - «Երբվանի՞ց եք դուք դա արձանագրել` այդ անմխիթար վիճակը: 5 տարի առաջ բարգավաճող վիճակում էին, հետո դարձավ անմխիթա՞ր… Մենք ձեզ հետ միասին հետճգնաժամային փուլում ենք գտնվում»:

«Կան նաեւ այլ պրոբլեմներ: Օրինակ` այն դիմադրությունը եւ դիմադրողականությունը մեր ռեֆորմներին, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում», - հավելեց վարչապետը:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան անցած ամիս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում օլիգապոլիաների առկայությանը` ասել էր, որ Հայաստանը շատ դժվար շրջան է ապրում, եւ «անհրաժեշտ են խորը եւ լայն տնտեսական բարեփոխումներ»:

«Համաձայն եմ ես այդ գնահատականների հետ», - այսօր ասաց Տիգրան Սարգսյանը` շարունակելով. - «Մենք այդ բնագավառում ունենք խնդիրներ: Այդ խնդիրներով ես մեկնել էի նաեւ Բրյուսել, բանակցություններ ենք վարել մեր գործընկերների հետ, թե ինչպես կարող ենք ավելացնել մեր կարողությունները` բարեփոխումներ իրականցնելու Հայաստանի Հանրապետությունում»:

please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG