Մատչելիության հղումներ

Արտակ Նազարյանի մահվան գործով եւս մեկ զինծառայող է ձերբակալվել


Արխիվ -- Զոհված սպա Արտակ Նազարյանը
Արխիվ -- Զոհված սպա Արտակ Նազարյանը
Անցած տարվա հուլիսի 27-ին Տավուշի մարզի զորամասերից մեկի դիրքերում զոհված սպա Արտակ Նազարյանի մահվան առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է եւս 1 հոգի` նույն զորամասի դասակի հրամանատար լեյտենանտ Վահագն Հայրապետյանը:

Նրան մեղադրանք է առաջադրված` «պաշտոնական դիրքը չարաշահելուն հանցակից լինելու փաստով, ինչը անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետեւանքների»:

Ինչպես նշված է գործում Վահագն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ, նա օժանդակել է ավելի վաղ կալանավորված գումարտակի հրամանատարի տեղակալ կապիտան Հակոբ Մանուկյանին, եւ բռնություն է գործադրել Արտակ Նազարյանի նկատմամբ` բռունցքով հարվածներ հասցնելով նրա դեմքին եւ մարմնի տարբեր մասերին: Որոշման մեջ նշվում է, որ իր նկատմամբ դրսեւորած անհարգալիր վերաբերմունքից դրդված` Նազարյանը ինքնասպան է եղել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Արտակ Նազարյանը վնասվածքներ է ստացել նաեւ կենդանության օրոք` մահը վրա հասնելուց մինչեւ 6 ժամ առաջ:

Ընթացող քրեական գործի շրջանակներում ավելի վաղ ձերբակալվել էին եւս 4 հոգի. զորամասի առաջին գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ Հակոբ Մանուկյանը եւ ժամկետային 3 զինծառայողներ:

Մահվան դեպքից անմիջապես հետո քննչական մարմինը պնդում էր, որ Նազարյանը ինքնասպան է եղել: Այնուհետեւ առաջ քաշվեց ինքնասպանության հասցնելու վարկածը:

Արտակ Նազարյանի հարազատները պնդում են, որ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե ինքնասպանություն, կամ ինքնասպանության հասցնելու հետեւանք, եւ որ քննիչները կոծկում են քրեական գործը:

Նախաքննության ընթացքը, զոհված զինծառայողի հարազատների փաստաբան Մուշեղ Շուշանյանի փոխանցմամբ, կրկին երկարաձգվել է մինչեւ մայիսի վերջը: Գործն արդեն քննվում է 8 ամսից ավելի:

Քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ երկարաձգումը պայմանավորված է նոր հանգամանքների ի հայտ գալով, օրինակ` նոր անձի կալանավորմամբ:

Մինչդեռ Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ քննիչները պարզապես ուզում են «ավելի գրագետ ձեւով պարտակել գործը»:

«Ես համարում եմ, որ իմ որդուն սպանել են` դիտավորյալ, կանխամտածված, առանձնահատուկ դաժանությամբ, խմբակային: Քանի հոդվածը չի փոխվել, ես համարում եմ, որ գործը պարտակում են», - հայտարարեց զոհված զինծառայողի մայրը:

please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG