Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մտահոգում է Եվրամիությանը


Ապրիլի 12-ին Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգում ընդգրկված է նաեւ Հարավային Կովկասի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկումը։

Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում ասաց, որ Եվրամիությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով։

«Եվրամիության արտգործնախարարները քննարկելու են Հյուսիսային Աֆրիկայի իրադարձությունները, բայց նրանք գտնում են, որ հրատապ է նաեւ Հարավային Կովկասի, հատկապես` Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դա ներառված է հանդիպման օրակարգում, ինչը ցույց է տալիս, որ նրանք մտահոգված են։ Հատկապես Լեհաստանը ծայրահեղ մտահոգված է», - ասաց Յոզվիակը։

Նշենք, որ Լեհաստանը հուլիսից ստանձնելու է Եվրամիության նախագահությունը։

«Երեկ ես զրուցել եմ լեհ բարձրաստիճան դիվանագետի հետ, որը մտավախություն հայտնեց, որ իրենց նախագահության ժամանակ Լեռնային Ղարաբաղը կարող է նմանվել Հարավային Օսիայի հակամարտությանը։ Այսինքն Լեհաստանը հնարավոր է համարում Ղարաբաղի հակամարտության վերսկսումը իրենց նախագահության օրոք», - ասաց Յոզվիակը` նշելով, որ անսովոր է դիվանագետի կողմից նման խոստովանություն լսելը։

Նա նաեւ հայտնեց, որ զրուցել է Եվրահանձնաժողովի բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ, որը նույնպես ասել է, թե «շատ մտահոգված է, մանավանդ որ Ադրբեջանի կառավարությունը մեծ գումարներ է ծախսում սպառազինություններ ձեռք բերելու համար»: Յոզվիակի փոխանցմամբ` այդ պաշտոնյան դա «շատ մտահոգիչ զարգացում» է համարել։

Յոզվիակի խոսքով` պետք չէ սպասել, որ ապրիլի 12-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կընդունվի որեւէ բանաձեւ կամ որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG