Մատչելիության հղումներ

75-ամյա կինը` Հայաստանում ինտերնետ կապի խափանման պատճառ


Վրաստանի իրավապահ մարմինները հայտարարում են, թե անցած շաբաթ` մարտի 28-ին, Հայաստանում հազարավոր մարդիկ զրկվել էին ինտերնետից վրաստանցի 75-ամյա մի կենսաթոշակառուի պատճառով։

Ավելին, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայութանն ասել է Ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Խիզանիշվիլին, վերջինս ազգությամբ հայ է՝ Հայաստան Շաքարյան։

Պաշտոնական աղբյուրները պնդում են, որ 75-ամյա կինը մեն-մենակ հաջողացրել է վնասել Եվրոպայից դեպի Հայաստան ձգվող օպտիկամանրաթելային մալուխային մագիստրալը, ինչի արդյունքում ինտերնետ կապից զրկվել էր ոչ միայն Հայաստանը, այլեւ Վրաստանի մեծ մասը։ Հաղորդվում է, որ թոշակառուն ձերբակալվել է եւ խոստովանել իր մեղքը։

Խոստովանական ցուցմունքի համաձայն, նա Մցխեթի շրջանի Քսանի գյուղում պղինձ է հավաքել` հետագայում վաճառելու համար, եւ հենց այդ նպատակով էլ կտրել «Վրացական երկաթուղի տելեկոմ» ընկերությանը պատկանող մալուխները։

Տարեց կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել` ուրիշի ունեցվածքը ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով, ինչի համար նախատեսված է ազատազրկում` 1-3 տարի ժամկետով։

«Նրա հասցրած վնասն իսկապես բավական մեծ էր.12 ժամ շարունակ ինտերնետից զրկված էր ոչ միայն Հայաստանը, այլեւ Վրաստանի մի մասը»,– «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մալուխի սեփականատերը՝ «Վրացական երկաթուղի տելեկոմ» ընկերության տնօրեն Գիորգի Իոնաթամաշվիլին՝ ընդգծելով, որ մալուխը բավական լավ է պաշտպանված, եւ այս միջադեպի իսկապես տարակուսանք է առաջացնում։

«Ինձ համար դժվար է ասել՝ ինչպես է կարողացել 75-ամյա կինը վնասել այդ մալուխը, քանի որ այն գտնվում է հողի տակ՝ մոտ 60-80 սմ խորության վրա՝ երկարգծերի հարեւանությամբ գտնվող տարածքում, ուր դժվար է մուտք գործել», - նշեց Իոնաթամաշվիլին:

Պաշտոնական վարկածը հարցեր է առաջ բերել ոչ միայն մալուխը տնօրինող ընկերության, այլեւ հայաստանյան փորձագետների շրջանում:

«Տատիկի պատմությունը շատ տարօրինակ է, որովհետեւ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մի տատիկ, առաջինը` պղինձ ման գալ, եւ երկրորդը` ոնց է հաջողվել միանգամից մի քանի մալուխների հանգուցային կետը գտնել եւ փչացնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյան:

Փորձագետը փաստում է, որ սա Վրաստանից դեպի Հայաստան ձգվող մալուխի վնասման առաջին դեպքը չէ:

«Արդեն որերորդ անգամն է, որ Վրաստանում ինչ-որ մեկը կարտոֆիլ է փորում կամ պղինձ է ման գալիս, եւ մեր մալուխը վնասում է: Տարբերությունը այս անգամ այն է, որ մենք այդքան էլ կախված չենք այդ մի մալուխից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` մանրամասնելով. - «Իրականում, Վրաստանով անցնում է մի քանի մալուխ, ու դրան գումարած` արդեն նաեւ Իրանից կա, եւ ընդհանուր դաշտը արդեն այնպես միանշանակ չէ, ինչպես մի քանի տարի առաջ էր, երբ ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտում գոյություն ուներ «Արմենտել»-ի մենաշնորհը»:

Արդեն ավելի քան մեկ տարի է՝ Հայաստանը վիրտուալ աշխարհի հետ կապվում է ոչ միայն Վրաստանից, այլեւ Իրանից ձգվող մալուխների միջոցով։ Այդուամենայնիվ, հայաստանյան խոշորագույն օպերատորները շարունակում են իրենց ծառայությունները հիմնականում մատուցել վրացական կապուղիներով, այդ իսկ պատճառով այստեղ յուրաքանչյուր անսարքություն կաթվածահար է անում ինտերնետ կապը Հայաստանում։

Հայաստանի կառավարության անցած ամիս կայացրած որոշմամբ, երկրում տեղեկատվության անվտանգության ապահովման ոլորտում լիազոր եւ ազգային համակարգող մարմին է նշանակվել Ազգային անվտանգության ծառայությունը։ Սակայն, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ԱԱԾ-ի խոսնակ Արծվին Բարղամյանը, հայաստանյան մասնագետները հետեւում են անվտանգության ապահովմանը երկրի ներսում, իսկ Հայաստանի սահմաններից դուրս նրանք նման լիազորությունների չեն տիրապետում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG