Մատչելիության հղումներ

Փաստաբան. Եվրադատարանը Փաշինյանի գործերը կքննի առաջնահերթության կարգով


Արխիվ -- «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ցուցմունք է տալիս դատարանում, 04-ը մարտի, 2010թ.
Արխիվ -- «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ցուցմունք է տալիս դատարանում, 04-ը մարտի, 2010թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի գործերը քննող պալատի նախագահը «նախապատվություն է տվել» 2008 թվականի հետընտրական իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումներին:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքով, այս մասին իրեն տեղեկացրել են Եվրադատարանի քարտուղարությունից:

«Այսօր օրվա երկրորդ կեսին դատարանի քարտուղարությունից տեղեկացել եմ, որ Հայաստանի գործերը քննող պալատի նախագահը նախապատվություն է տվել դատարանի կանոնների համաձայն, Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված բոլոր 3 դիմումներին», - չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց փաստաբանը:

Վահե Գրիգորյանի պարզաբանմամբ, սա նշանակում է, որ Փաշինյանը կարիք չի ունենա սպասելու, մինչեւ իր կողմից ներկայացված դիմումների հերթը հասնի:

«Որպես կանոն նման որոշման դեպքում դատարանը արագացնում է գործի քննությունը եւ կարծում եմ մոտ ապագայում մենք այս գործի զարգացումներին ականատես կլինենք», - նշեց նա:

2010 թվականի հունիսից սկսած Նիկոլ Փաշինյանի անունից 3 դիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Փաստաբանի խոսքով, դրանք վերաբերում են 9 խումբ իրավունքների խախտումների. անձնական ազատության, ազատ հավաքների, արտահայտվելու ազատության, արդար դատաքննության, ազատ ընտրությունների իրավունքի խախտումներ` կապված թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների հետ:

Ակցիաներ` ի պաշտպանություն Փաշինյանի


Այս շաբաթվանից մեկնարկել են հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ակցիաները ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի:

Այդ ակցիաներով հայաստանյան 20-ից ավելի լրատվամիջոցներ պահանջում են Փաշինյանին անհապաղ ազատ արձակել: Այդ հնարավորությունը օրենքը շուտով կընձեռի Փաշինյանին, նրան հնարավոր է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել:

Այս ակցիաների շրջանակում երկու պարբերականներ` երկուշաբթի օրը «Հրապարակ» օրաթերթը, երեքշաբթի` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը նամակներ են հղել Փաշինյանին:

Նամակներ գրելու նպատակը համոզվելն է, թե արդյո՞ք «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (որտեղ գտնվում է Փաշինյանը) ղեկավարությունը խոչընդոտում է նամակներ գրելու եւ ստանալու նրա օրինական իրավունքին: «Հայկական ժամանակ»-ի խմբագրակազմը պնդում է, որ Փաշինյանի նամակները, որոնք հիմնականում թերթի խմբագրականներն են, չեն հասնում խմբագրություն:

«Հայփոստ»-ի լրատվական ծառայության պետ Գեւորգ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ եթե նամակը մուտքագրվել է «Հայփոստ»-ի որեւէ մարզային բաժանմունք, այն հասցեատիրոջը կհասնի ամենաշատը չորս օրում: Այնինչ, «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ Աննա Հակոբյանը ասում է, որ Փաշինյանի վերջին` մարտի 25-ով թվագրված նամակը իրենք ստացել են ապրիլի 4-ին` 10 օրվա ընթացքում:

«Ես ինչքան հասկանում եմ, ուրբաթ օրվանից այս կողմ նամակները չեն վերցնում կամ վերցնում են ու չեն փոխանցում «Հայփոստ»-ին, ինչը ես միանշանակ պայմանավորում եմ ապրիլի 8-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքով», - ասաց Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի թղթակից, նամակի հեղինակներից Գոհար Վեզիրյանն ասում է, որ ակցիային մասնակցող լրատվամիջոցների նպատակը [Փաշինյանի] «ինֆորմացիոն շրջափակումը վերացնել է»: Թերթի ուղարկած նամակը նաեւ 5 հարցադրում է պարունակում: Երբ Փաշինյանը դրանց պատասխանի, դրանք կհրապարակվեն թերթում:

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ամեն օր լրատվամիջոցները նամակ կուղարկեն Փաշինյանին, ինչպես նաեւ միջազգային կառույցներին, մասնավորապես Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին` նրան ազատ արձակելու պահանջով: Նրանք նաեւ Փաշինյանին տեսակցելու խնդրանքով կդիմեն Արդարադատության նախարարին:

2009 թվականի հուլիսից անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը պետք է ազատ արձակվի 2013 թվականի գարնան վերջին: Երկու ամսից լրանում է նրա ազատազրկման ժամկետի կեսը: Օրենքը այս դեպքում հնարավորություն է տալիս քննարկելու պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը: Մինչդեռ ե'ւ ընդդիմությունը, ե'ւ գործընկերները շարունակում են հանդես գալ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG