Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցները սկսել են ակցիաները` Փաշինյանին ազատ արձակելու պահանջով


«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյան
Լրատվամիջոցների ակցիաները ի պաշտպանություն 2008 թվականի հետընտրական իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի սկսված են:

Այդ ակցիաներով հայաստանյան 20-ից ավելի լրատվամիջոցներ պահանջում են Փաշինյանին անհապաղ ազատ արձակել: Այդ հնարավորությունը օրենքը շուտով կընձեռի Փաշինյանին, նրան հնարավոր է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել: 2009 թվականի հուլիսից անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը պետք է ազատ արձակվի 2013 թվականի գարնան վերջին: Երկու ամսից լրանում է նրա ազատազրկման ժամկետի կեսը: Օրենք այս դեպքում հնարավորություն է տալիս քննարկելու պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցը:

Այս ակցիաների շրջանակում երկու պարբերականներ` երկուշաբթի օրը «Հրապարակ» օրաթերթը, երեքշաբթի` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը նամակներ են հղել Փաշինյանին:

Նամակներ գրելու նպատակը համոզվելն է, թե արդյո՞ք «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (որտեղ գտնվում է Փաշինյանը) ղեկավարությունը խոչընդոտում է նամակներ գրելու եւ ստանալու նրա օրինական իրավունքին: «Հայկական ժամանակ»-ի խմբագրակազմը պնդում է, որ Փաշինյանի նամակները, որոնք հիմնականում թերթի խմբագրականներն են, չեն հասնում խմբագրություն:

«Հայփոստ»-ի լրատվական ծառայության պետ Գեւորգ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ եթե նամակը մուտքագրվել է «Հայփոստ»-ի որեւէ մարզային բաժանմունք, այն հասցեատիրոջը կհասնի ամենաշատը չորս օրում: Այնինչ, «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ Աննա Հակոբյանը ասում է, որ Փաշինյանի վերջին` մարտի 25-ով թվագրված նամակը իրենք ստացել են ապրիլի 4-ին` 10 օրվա ընթացքում:

«Ես ինչքան հասկանում եմ, ուրբաթ օրվանից այս կողմ նամակները չեն վերցնում կամ վերցնում են ու չեն փոխանցում «Հայփոստ»-ին, ինչը ես միանշանակ պայմանավորում եմ ապրիլի 8-ին կայանալիք Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքով», - ասաց Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի թղթակից, նամակի հեղինակներից Գոհար Վեզիրյանն ասում է, որ ակցիային մասնակցող լրատվամիջոցների նպատակը [Փաշինյանի] «ինֆորմացիոն շրջափակումը վերացնել է»: Թերթի ուղարկած նամակը նաեւ 5 հարցադրում է պարունակում: Երբ Փաշինյանը դրանց պատասխանի, դրանք կհրապարակվեն թերթում:

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ամեն օր լրատվամիջոցները նամակ կուղարկեն Փաշինյանին, ինչպես նաեւ միջազգային կառույցներին, մասնավորապես Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին` նրան ազատ արձակելու պահանջով: Նրանք նաեւ Փաշինյանին տեսակցելու խնդրանքով կդիմեն Արդարադատության նախարարին:

please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG