Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Արեւմտյան ափի հայ եկեղեցիների առաջնորդները համատեղ կոչ են հղում ապրիլի 24-ի կապակցությամբ


Միացյալ Նահանգների Արեւմտյան ափում Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսության թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գրիգոր վարդապետ Շահինյանը եւ Հայ ավետարանչական եկեղեցիների միության առաջնորդ վերապատվելի Հովսեփ Մաթոսյանը երեկ համատեղ կոչով են հանդես եկել ապրիլի 24-ի կապակցությամբ, երբ նշվում է Սուրբ Հարության տոնը եւ Հայոց ցեղասպանության 96-ամյակը:

«Մինչ Հայոց ցեղասպանությունը նորագույն պատմության ամենամութ օրերից մեկն է, Սուրբ Հարությունը մարդկության համար ամենապայծառ ու հաղթական տոնն է։ Ցեղասպանությունից ի վեր առաջին անգամ` այս տարի Սուրբ Հարության տոնն ու Ցեղասպանության հիշատակման օրը զուգադիպում են ապրիլի 24-ին», - նշում են հոգեւոր առաջնորդները իրենց ուղերձում, որը տրամադրել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: - «Իբրեւ քրիստոնյա հավատացյալներ` ապրիլի 24-ի օրը պիտի տոնենք մեր Տիրոջ ու Փրկչի` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությունը, որը մարդկությանը բերեց փրկություն։ Նույն օրը, իբրեւ հայեր` պիտի ոգեկոչենք նաեւ մեր ժողովրդի վերածնունդն ու վերականգնումը` մոխիրներից ու անգութ ցեղասպանությունից։ Պիտի հիշատակենք մեր հարությունը իբրեւ ժողովրդի, որ ենթարկվեց հալածանքների ու բռնադատությունների, որոնք մոտավորապես մեկ դար առաջ սպառնում էին իսպառ բնաջնջել մեզ»։

«Իբրեւ քրիստոնեությունը պետական կրոն որդեգրող առաջին ազգի զավակները` դիմում եւ կոչ ենք ուղղում մեր քրիստոնյա բոլոր եղբայրներին ու քույրերին եւ բոլոր կրոններին պատկանող հավատացյալներին, որպեսզի Սուրբ Հարության տոնի օրը մեզ աղոթակից լինեն ի հիշատակ Օսմանյան կայսրության տարածքում Առաջին աշխարհամարտի օրերին ցեղասպանության զոհ գնացած ավելի քան երկու միլիոն հայերի, ասորիների, քաղդեացիների, պոնտացիների ու հույների, նաեւ աղոթենք, որ արդարությունն ու խաղաղությունը տիրեն մեր աշխարհում», - գրում են ԱՄՆ-ի Արեւմտյան ափի հայ եկեղեցիների առաջնորդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG