Մատչելիության հղումներ

Թուրքիայում կալանավորված է 57 լրագրող


Թուրքիա - Լրագրողների ձերբակալությունների դեմ բողոքի ցույց Անկարայում, մարտ, 2011թ.
Թուրքիա - Լրագրողների ձերբակալությունների դեմ բողոքի ցույց Անկարայում, մարտ, 2011թ.
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայում այսօրվա դրությամբ ձերբակալված է 57 լրագրող։ Նրանց մեծ մասին բանտեր նետելու հնարավորություն է ընձեռել ահաբեկչության դեմ պայքարի օրենքը։ Ենթադրվում է, որ ձերբակալվածների թիվն առաջիկայում կաճի։

ԵԱՀԿ-ն երկուշաբթի օրը մտահոգություն է հայտնել լրագրողների նկատմամբ թուրք իրավապահների գործադրած քայլերի կապակցությամբ եւ հորդորել է պաշտոնական Անկարային բարեփոխել մամուլի մասին օրենքն ու ապահովել խոսքի ազատությունը։

Արեւմտյան վերլուծաբանները Թուրքիայում հեղաշրջման մեղադրանքով լրագրողների ձերբակալությունները համարում են այդ երկրում ամբողջատիրական կարգեր հաստատելու գործելակերպի վկայություն, որն անպայման կդառնա եւս մեկ խոչընդոտ Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհին։

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նամակով դիմել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին։

«Ներկայումս 57 լրագրող արդեն բանտերում են։ Ընթացքի մեջ գտնվող դատավարությունների արդյունքում կալանավորված լրագրողների թիվը կարող է հասնել 700-ից 1000-ի», - ասվում է Միյատովիչի նամակում։

Դիմելով նախարարին` ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ անհրաժեշտ է բարեփոխել Թուրքիայում մամուլի աշխատանքը կարգավորող օրենսդրությունը եւ իր ղեկավարած կառույցի անունից այդ հարցում թուրքական կողմին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։

«Դատական գործերի այդչափ մեծ թիվը կասկած է հարուցում Թուրքիայում լրագրությունը կարգավորող իրավական դաշտի նկատմամբ եւ ստիպում է ենթադրել, որ ձերբակալված լրագրողների թիվը կարող է աճել։ ԵԱՀԿ-ի անդամ երկրները, այդ թվում` Թուրքիան, տարբեր առիթներով վերահաստատել են իրենց հավատարմությունը խոսքի ազատության սկզբունքին եւ ընդգծել այն պաշտպանելու անհրաժեշտությունը»,- գրել է Միյատովիչը։

«ԵԱՀԿ-ի պարտավորությունները երաշխավորում են խոսքի ազատությունը, այն ներառում է կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց իշխանությունների միջամտության տեղեկատվություն եւ գաղափարներ փոխանակելու իրավունք։ Թուրքիան ԵԱՀԿ-ի 2010-ը թվականի Աստանայի գագաթնաժողովում վերահաստատել է իր հավատարմությունը այդ արժեքներին», - ասվում է նամակում։

Դունյա Միյատովիչը Ահմեդ Դավութօղլուին հղած նամակում նաեւ նշել է, որ կառավարություններն ունեն ահաբեկչության դեմ պայքարելու օրինական իրավունք, սակայն այն չպետք է ծառայեցնեն մամուլի ազատությունը սահմանափակելու նպատակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG